Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը չի դադարեցնի բանակցությունները ռուսական երկրորդ Sukhoi SuperJet-100 օդանավը ձեռք բերելու շուրջ: Այս մասին հաղորդել է ընկերության ներկայացուցիչը, հավելելով, որ արդեն երկու ամիս է ընկերությունը բանակցություններ է վարում երկրորդ Sukhoi SuperJet-100 օդանավը գնելու շուրջ, թեեւ գնման կոնկրետ ժամկետները հստակեցված չեն:
«Մենք լուրջ առարկություններ չունենք, թեեւ կան թերություններ, ինչպես ցանկացած օդանավում»,-ասել է «Արմավիայի» մամուլի ծառայության ներկայացուցիչը, հաղորդում է «ՄԻՌ»-ը:
«Դեռ վաղ է խոսել նրա մասին, թե ինչ է տեղի ունեցել Ինդոնեզիայում»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ 2011-ի ապրիլին Երեւանում կայացել է Sukhoy Superjet 100 ռուսական առաջին օդանավի «Արմավիային» հանձնման արարողությունը:


























