«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը կմնա իր զբաղեցրած պաշտոնում` որպես Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Այս մասին հայտնեցին ՕԵԿ-ին մոտ կանգնած NEWS.am-ի իրազեկ աղբյուրները: Ինչ վերաբերում է նրա` գլխավոր դատախազ նշանակվելուն, ապա դա հավանական է 2013թ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից հետո:
Իհարկե, դեռեւս ոչինչ վերջնական չէ, ամեն վայրկյան կարող են անկանխատեսելի փոփոխություններ լինել. մասնավորապես, անորոշ է, թե ՕԵԿ համամասնական ցուցակից գործադիրում ով ինչ պաշտոն է ստանալու, բայց հնարավոր է նաեւ մի քանի հոգի հրաժարվեն պատգամավորի մանդատից:
Մեր ունեցած տեղեկություններով` ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հնարավոր է գնա գործադիր` նշանակվելով կամ կրթության եւ գիտության նախարար, կամ էլ մշակույթի նախարար: Իսկ եթե նա մնա օրենսդիրում, ապա կշարունակի ղեկավարել ՕԵԿ խմբակցությունը:
ՕԵԿ համամասնական ցուցակում 3-րդ եւ 4-րդ տեղը զբաղեցնող Արմեն Երիցյանը եւ Սերգո Կարապետյանը կշարունակեն աշխատել որպես նախարար: Ինչպես մինչեւ խորհրդարանական ընտրությունները, այնպես էլ ընտրություններից հետո Արմեն Երիցյանը կստանձնի արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը, իսկ Սերգո Կարապետյանը նորից կնշանակվի գյուղատնտեսության նախարար:
Ինչ վերաբերում է համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Խաչիկ Հարությունյանին, ապա նա հնարավոր է գնա գործադիր եւ աշխատի որպես փոխնախարար:
ԱԺ-ում ՕԵԿ-ի պատգամավորների շարքում հաստատապես կլինեն ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Մհեր Շահգելդյանը, ով Բիշարյանի գործադիր գնալուց հետո հնարավոր է դառնա ՕԵԿ խմբակցության ղեկավար եւ 10-րդ հորիզոնականում գտնվող պաշտպանության նախարարի նախկին մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը: Հնարավոր է նաեւ ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող Նելսոն Զուլոյանին եւս տեսնենք ԱԺ-ում:
Ինչ վերաբերում է ՕԵԿ համամասնական ցուցակի 7-րդ եւ 8-րդ հորիզոնականներին, ապա Իշխան Խաչատրյանի ճակատագիրը դեռեւս անորոշ է, քանի որ Արարատի մարզում ՕԵԿ-ը սպասվածից քիչ ձայներ է հավաքել: Իսկ Սամվել Թադեւոսյանը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա իր նախկին պաշտոնին` Վերահսկիչ պալատում առաջին վարչության պետ, կամ էլ գործադիրում ինչ-որ նոր պաշտոն կստանձնի:
Նշենք, որ ՕԵԿ-ն ընտրություններում ստացել է 5 տոկոսից մի փոքր ավելի, իսկ դա նշանակում է, որ համամասնական ցուցակից միայն 5-ն էլ լինելու պատգամավոր:
Ավելի վաղ NEWS.am-ը հրապարակվել էր ՕԵԿ-ի համամասնական ցուցակը, որի առաջին 10 հորիզոնականներում հետեւյալ անձինք են.
1. Բաղդասարյան Արթուր Վահանի
2. Բիշարյան Հեղինե Վաչեի
3. Երիցյան Արմեն Հենրիկի
4. Կարապետյան Սերգո Վաչագանի
5. Հարությունյան Խաչիկ Արամայիսի
6. Շահգելդյան Մհեր Լեւոնի
7. Խաչատրյան Իշխան Միշայի
8. Թադեւոսյան Սամվել Գեորգիի
9. Զուլոյան Նելսոն Նորայրի
10. Կարապետյան Դավիթ Անդրանիկի




























