Մաշտոցի պուրակում բոլոր կրպակներն արդեն ապամոնտաժվել են:Այդ մասին NEWS.am-ի թղթացի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը:
Նա տեղեկացրեց, որ կրպակների ապամոնտաժումն արդեն ավարտված է եւ «Կենտրոն Կանաչապատում» ՓԲԸ-ն արդեն անցկացնում է ընդհանուր բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներ:
Ըստ Գեւորգյանի` բարեկարգման ծրագրի շրջանակներում նախատեսվում է նորոգել եզրաքարերը ու սալիքահատակը:
Պատասխանելով այն հարցին, թե այգում կրպակների տեղադրման դեմ պայքարող բնապահպանական հասարակական կազմակերպություններից որեւէ մեկը դիմե՞լ է արդոք քաղաքապետարան` տարածքը կանաչապատելու առաջարկով, Գեւորգյանն ասաց, որ այդպիսի առաջարկ չի եղել: «Երեւանի քաղաքապետարանը նման առաջարկությունների համար սահմանափակումներ երբեք չի դնում, ցանկացողները կարող են հանդես գալ այդպիսի առաջարկությամբ»,- ասաց վարչության պետը:
Նշենք, որ 90 օր Մաշտոցի պուրակի ակտիվիստները պայքարում էին Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները Մաշտոցի պուրակում տեղադրելու դեմ:
Սակայն կրպակներն ապամոնտաժվեցին միայն նախագահ Սերժ Սարգսյանի` մայիսի 1-ին կատարած Մաշտոցի պուրակ այցելությունից հետո: Արդեն մայիսի 2-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ստորագրեց Մաշտոցի պուրակի ապամոնտաժման մասին որոշումը:




























