Աբխազիայում ձերբակալված «Իմարաթ Կովկաս» զինված խմբավորման պարագլուխների թվում է նաեւ Ռուսաստանի մի քաղաքացի, մյուսները Աբխազիայի բնակիչներ են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն։

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ռուսական հատուկ ծառայություններն Աբխազիայի գործընկերների հետ համատեղ կանխել են Սոչիի օլիմպիական խաղերի նախօրեին ծրագրված ահաբեկչական գործողությունները։ Ահաբեկչությունը կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ։ Նրանք աբխազական ջամաաթի պարագլուխներ են։

Աբխազական ջամաաթը «Իմարաթ Կովկաս» միջազգային ահաբեկչական կազմակերպության մի մասն է։ «Իմարաթ Կովկաս»-ը ղեկավարում է Դոքու Ումարովը։ Մայիսի 4-5-ին իրավապահներն Աբխազիայում բացահայտել են 10 գաղտնի ահաբեկչական զինանոցներ։

Օպերատիվ տվյալներով, զենքի մատակարարումը կազմակերպվել է վրացական հատուկ ծառայությունների եւ Թուրքիայում գործող անօրինական զինված խմբավորումների միջոցով։