ՄԱԿ-ի` ընդդեմ խոշտանգումների կոմիտեն մայիսի 10-ին սկսել է քննարկել Հայաստանի երրորդ զեկույցը` Ընդդեմ խոշտանգումների կոնվենցիայի պահանջների կատարման մասին:
Հայաստանի արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանն իր խոսքում նշել է, որ վերջին տարիների ընթացքում ազգային օրենսդրությունը համապատասխանեցվել է Կոնվենցիայի եւ միջազգային այլ փաստաթղթերի պահանջներին:
Նրա խոսքոով` խորհրդարանում է Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը, որով տրվում է խոշտանգման սահմանումը` համաձայն կոնվենցիայի: Այդ ոլորտում բարելավում է նաեւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքը: Լուծվել են քրեակատարողական հիմնարկներում խոշտանգումների խնդիրների հետ կապված հարցերը, հատուկ ուշադրություն է դարձվել այնտեղի պայմաններին, առաջընթաց է արձանագրվել թրաֆիքինգի դեմ պայքարում:
Զեկույցի համազեկուցողներից Ֆելիս Գաերը խոսել է մատնանշված առաջընթացի եւ անպատժելիության, կոռուպցիայի մշտական խնդիրների միջեւ հակասության մասին, ինչպես նաեւ նշել ոստիկանության աշխատակիցների եւ պետական պաշտոնատար անձանց կողմից օրենքը խախտելու դեպքում հետապնդման չիրականացումը: Նա բարձրացրել է խոշտանգումների եւ նվաստացնող գործողությունների համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը:
Հայաստանի հարցով մյուս նիստը կկայանա մայիսի 11-ին:



























