Ֆրանսիայի հեռացող նախագահ Նիկոլա Սարկոզին ընդունել է վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի կառավարության հրաժարականը:
Ներկա նախարարները իրենց պաշտոններում կմնան եւս մեկ շաբաթ, մինչեւ նոր նախագահ Ֆրանսուա Օլանդը նոր կառավարություն կձեւավորի: Նոր կառավարության կազմը կհայտարարվի նորընտիր նախագահ Օլանդի երդմնակալման արարողությունից հետո, որը կկայանա մայիսի 15-ին:
Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հրաժարականի դիմումը գրել է իր աշխատասենյակում: Նա նպատակահարմար չի գտել հանդիպել Սարկոզիի հետ եւ անձամբ հանձնել հրաժարականի դիմումը: Այն Ելիսեյան պալատ է բերել Ֆրանսիայի էլիտար զինվորական ստորաբաժանման` հանրապետական գվարդիայի սպան, հաղորդում է Vesti.ru-ն:
Նշենք, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն այսօր` մայիսի 10-ին, պաշտոնապես հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները: Ըստ այդմ, ընտրությունների երկրորդ փուլում Օլանդը հավաքել է ձայների 51,6 տոկոսը, Սարկոզին` 48,4 տոկոսը:




























