«Ժառանգություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց շրջանառվող խոսակցությունները, թե իրենց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է վայր դնել իր մանդատը, որպեսզի այն բաժին հասնի Ստյոպա Սաֆարյանին, իսկ նա էլ այդ մանդատը պատրաստվում է զիջել Անահիտ Բախշյանին:

«Եթե անգամ ցուցակում լինեն որոշակի տեղաշարժեր, դրա մասին կիմանաք, բայց բացարձակապես չեմ ցանկանում ինչ-որ մեկի նետած խայծին անգամ հաստատական կամ ժխտական պատասխան տալ միայն մի բանի պատճառով, ես ուզում եմ տուրք չտամ այդ խաղի կանոներին: Ես իմ կարծիքն եմ ասել, որ կցանկանայի խորհրդարանում տեսնել Անահիտ Բախշյանին, բայց թե ինչ կորոշի կուսակցությունը, դրա մասին կիմանանք առաջիկայում»,- նշեց նա` հավելելով, որ տեղյակ չէ «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակից խորհրդարան անցած անձինք կհրաժարվե՞ն մանդատներից, թե` ոչ:

Նախկին պատգամավորը աշխատանքի բազմաթիվ առաջարկներ է ստացել, մասնավորապես` մեկ տարուց ավելի է նրան հրավիրում են տարբեր համալսարաններից` դասախոսելու, բայց չէր գնում այդ քայլին, քանի որ չէր ցանկանում, որ խորհրդարանական գործունեությունն ազդեր դասախոսական աշխատանքի վրա եւ հակառակը: 

Ամիսներ առաջ հրավեր է ստացել նաեւ անգլիական երկու համալսարաններից, որոնցից մեկը կարճատեւ ծրագիր է ամառվա ընթացքում, որին միգուցե համաձայնի եւ ամռանը գնա աշխատի ու նաեւ հանգստանա, իսկ երկրորդը երկարաժամկետ գիտական գործունեության վերաբերյալ է, այդ առաջարկին դժվարանում է պատասխանել, քանի որ առաջիկայում նախագահական ընտրություններ են եւ ինքը պետք է լինի իրենց կուսակցության թեկնածուի կողքին:

Ստեփան Սաֆարյանից հետաքրքրվեցինք նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության` Հանրապետականի հետ կոալիցիա կազմելու, ինչպես նաեւ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին: Նա հարյուր տոկոս հավանական է համարում ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիան, իսկ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը  նախկին պատգամավորը տեսել է մինչ ընտրությունները եւ կարծում է, որ դա եղել է  ի վնաս ՀԱԿ-ի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով` թիվ 1 ընտրատարածքում իր թեկնածությունը Ստեփան Սաֆարյանը պարտվել էր Հանրապետական կուսակցության թեկնածու Ռուբեն Հայրապետյանին: Իսկ «Ժառանգության» համամասնական ցուցակում նա զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, մինչդեռ այդ կուսակցությունից խորհրդարան են անցնում միայն առաջին 5 թեկնածուները: