Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, մայիսի 7-ին եւ 10-ին հանդիպումներ է ունեցել Լիբանանի նախագահ, գեներալ Միշել Սլեյմանի եւ ԱԳ եւ էմիգրանտների հարցերով նախարար Ադնան Մանսուրի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերություններին առնչվող խնդիրներ:  Ընդգծվել է քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների շարունակականության պահպանման, առեւտրատնտեսական կապերի աշխուժացման, գործարար հանդիպումների կազմակերպման, միջազգային կազմակերպություններում սերտ համագործակցության եւ փոխադարձ աջակցության անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում դեսպան Քոչարյանը ներկայացրել է ապրիլին Հայաստանում տեղի ունեցած տոնակատարությունների մանրամասները, որոնք նվիրված էին հայ գրատպության 500-ամյակին  եւ «Երեւանը որպես 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» հռչակելուն: Կարեւորվել է Լիբանանի մշակույթի նախարարի եւ Բեյրութի քաղաքապետի ղեկավարած պատվիրակությունների մասնակցությունն անցկացված միջոցառումներին, ինչը, անկասկած, կնպաստի մշակութային հարաբերությունների խորացմանը եւ երկու քույր քաղաքներ՝ Երեւանի եւ Բեյրութի արդյունավետ համագործակցությանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների: Այդ համատեքստում դեսպան Քոչարյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպես նաեւ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները: