Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում ընթացող՝ Չմիացած եկրների շարժման արտգործնախարարների հանդիպման աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 10-ին հանդես է եկել ելույթով:
Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարն ասել է. «Ուրախ եմ վերադառնալ Եգիպտոս, որտեղ ապրել եւ աշխատել եմ տասնչորս տարի եւ պահպանում եմ ամենաջերմ հիշողությունները այդ տարիների, երկրի եւ ժողովրդի նկատմամբ»:
Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ, հանդիսանալով Չմիացած երկրների շարժման դիտորդ, Հայաստանը կիսում է այդ կազմակերպության արժեքները, որոնք հիմնված են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների եւ սկզբունքների, մարդու հիմնարար իրավունքների հանդեպ հարգանքի հիման վրա:
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին՝ Էդվարդ Նալբանդյանը, դիմելով ներկա արտգործնախարարներին, նշել է, «Բոլորդ հասկանում եք Ադրբեջանի ԱԳ նախարարի այսօրվա հայտարարության քարոզչական բնույթը, որը հավելյալ մեկնաբանության կարիք չունի: Համոզված եմ, որ կարեւոր է այս հարգարժան լսարանին ներկայացնել Ադրբեջանի կողմից այս հանդիպման հայտարարության 382-րդ պարբերության շուրջ իրականացվող մանիպուլյացիայների վերաբերյալ իրողությունը: Ադրբեջանը ընդամենը մեկ տարի առաջ դարձավ Չմիացած երկրների շարժման անդամ, եւ արդեն փորձում է, շահարկելով իր անդամակցությունը, թյուրիմացության մեջ գցել կազմակերպության անդամ երկրներին՝ ուղղորդելով նրանց միջազգային հանրության դիրքորոշումների դեմ:
Այս պարբերությունը հակասության մեջ է մտնում բանակցային գործընթացի տրամաբանությանը, ոգուն ու ձեւակերպումներին, որոնք արտացոլված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների ղեկավարների լ՛Աքվիլայում, Մուսկոկայում եւ Դովիլում ընդունված հայտարարություններում, ինչպես նաեւ ԵԱՀԿ շրջանակներում՝ Աստանայի գագաթաժողովին, Հելսինկիի, Աթենքի, Ալմաթիի, Վինլյուսի նախարարական հանդիպումների շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ընդունված հայտարարություններում:
Այս փաստաթղթերը կարեւորում են միջազգային իրավունքի երեք սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության՝ որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման անկյունաքարային տարրեր:
Ցավոք, 382-րդ պարբերությունըն անտեսում է ինքնորոշման իրավունքի սկզբունքը եւ չի օգտագործում միջազգայնորեն ընդունված «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» եզրույթը:
Նման մոտեցումը ոչ միայն վտանգում է բանակցային գործընթացը եւ փխրուն իրավիճակը հակամարտության գոտում, այլեւ հակասում է Չմիացած երկրների շարժման հիմնարար սկզբունքներին: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը շարժման հիմնադրման օրվանից եղել եւ մնում է վերջինիս հիմնասյուներից մեկը, ինչի մասին բարձրաձայնվել է երեկ եւ այսօր հնչեցված նախարարների հայտարարությունների մեծամասնությունում:
Ադրբեջանի համար սովորական է դարձել միջազգային իրավունքի հիմնարար նորմերի եւ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը: Այդ առումով որեւէ մեկի համար անակնկալ չէ, որ Ադրբեջանը, հանդիսանալով Չմիացած երկրների շարժման անդամ, շարունակաբար խախտում է «Բանդունգի սկզբունքները»՝ խտրականություն եւ ազգային ատելություն քարոզելով: Ինչպես այլ կերպ կարելի է բնութագրել Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե «Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհի հայերն են»: Միջազգային կազմակերպությունները համապատասխան գնահատականներ են տալիս Ադրբեջանում քսենոֆոբիայի, ռասիզմի եւ անհանդուրժողականության դրեսեւորումներին»:
«Բանդունգի սկզբունքներին» հակասող՝ Ադրբեջանի ղեկավարության շարունակական սպառնալիքները տարածաշրջանային կայունությանը եւ անվտանգությանը, ռազմատենչ եւ թշնամանք սերմանող սադրիչ հայտարարություններն անհարիր են Չմիացած երկրների շարժման անդամ պետությանը եւ ավելին, հարված են հասցնում այս կազմակերպության հեղինակությանը», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը:




























