ԱՄՆ-ը հավատարիմ է մնում իր դիրքորոշմանը ժողովների անցկացման ազատության հարցում. այդ ազատությունը պետք է ապահովված լինի, դա յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ադամ Սթերլինգը, Turan գործակալության թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Բաքվի քաղաքապետարանի մերժումը` մայրաքաղաքի կենտրոնում ընդդիմության հանրահավաքի անցկացման վերաբերյալ:
«Մենք վեր ենք հանում այս հարցերն ինչպես անհատական հանդիպումների ժամանակ, այնպես էլ հրապարակավ եւ մասնավորապես` ԱՄՆ Կոնգրեսին ուղղված հաշվետություններում: Մեր պարտականությունները, որպես դեսպաններ, կայանում են հասարակության ողջ սպեկտրի ներկայացուցիչների հետ հանդիպումների մեջ, եւ մենք ուշադիր հետեւում ենք, թե ինչպես են նրանք փորձում օգտվել սեփական քաղաքական իրավունքներից», - նշել է Սթերլինգը:
Հարցին` կիսո՞ւմ է արդյոք ԱՄՆ-ը Amnesty International-ի կոչն` ուղղված Ադրբեջանի իշխանություններին «խղճի բանտարկյալներին» ազատ արձակելու մասին, Սթերլինգը պատասխանել է, որ ծանոթ չէ այդ ուղերձի տեքստին:
«Սակայն, ինչ խոսք, ԱՄՆ-ը միշտ աշխատում է ամբողջ աշխարհում քաղբանտարկյալներին ազատ արձակելու ուղղությամբ», - ասել է դիվանագետը:




























