Ինդոնեզական փրակարները Sukhoi SuperJet-100 ինքնաթիռի անկման տեղում ձեռնարկել են ցամաքային գործողություններ։ Ճգնաժամային շտաբում հայտնել են, որ ուղղաթիռից պարաններով պատահարի վայր դեսանտ է իջել։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», վթարի վայր են ուղեւորվում նաեւ փրկարարների ցամաքային խմբեր։ Նրանք, մասնավորապես, պետք է վայրէջքի հրապարակ պատրաստեն վթարի վայրում ուղղաթիռներ ընդունելու համար, իսկ եթե դա չհաջողվի անել, ապա աղետի զոհերի մնացորդներն ստիպված կլինեն տարհանել պատգարակներով։
Առավոտյան վթարի վայր է ժամանել նաեւ Միջպետական ավիացիոն կոմիտեի ներկայացուցիչ Լեոնիդ Կաշիրսկին։
Մինչդեռ, Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոն ժամանել էր Ջակարտայի օդանավակայան, որտեղ հանդիպել էր ռուսական Sukhoi SuperJet-100 (SSJ-100) ինքնաթիռի ավիավթարի զոհերի հարազատների հետ։
Պետության ղեկավարը համաձայնել էր ընդունել ռուս փրկարարների օգնությունը։ Նրա եւ Վլադիմիր Պուտինի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում որոշում է կայացվել, որ ՌԴ-ն կօգնի Ինդոնեզիային։
ՌԴ-ի ԱԻՆ-ն Ինդոնեզիա է ուղարկում «Ցենտրոսպաս» ջոկատի փրկարարներին, բժշկահոգեբանական խումբ եւ օպերատիվ խումբ։ Բոլոր փրկարաներն ունեն ալպինիստական պատրաստականություն եւ զինված են ալպինիստական սարքավորումներով։ Նրանք կմասնակցեն ինքնաթիռի ձայնագրիչների որոնման եւ այլ աշխատանքների։ ԱԻՆ-ի իքնաթիռը Ջակարտա կհասցնի նաեւ Բո-105 ուղղաթիռ։
Հիշեցնենք, որ SSJ-100-ը մայիսի 9-ին վթարի էր ենթարկվել Ինդոնեզիայում` ցուցադրական թռիչքի ժամանակ։ Ինքնաթիռում եղել են հինգ երկրների 45 քաղաքացիներ, այդ թվում նաեւ 8 ռուս։ Ինքնաթիռը բախվել էր Սալակ լեռան լանջին՝ 1,6 կմ բարձրությունում։




























