Թերթը, վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներին, գրում է. «Սերժ Սարգսյանի շրջապատում քննարկվում է հոկտեմբեր-նոյեմբերին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու տարբերակը: Ըստ այդմ, Սարգսյանը սեպտեմբերին պետք է հրաժարական տա:
Արտահերթ ընտրությունների գաղափարը վերակենդանացել է մայիսի 6-ին կայացած Աժ ընտրությունների արդյունքներով: Սարգսյանի թիմը արձանագրել է, որ վերահսկելի ընտրություններ իրականացնելու աշխատող մեխանիզմ ունի, եւ այդ մեխանիզմը պետք է Ս. Սարգսյանի վերընտրության համար գործի դնել հնարավորինս շուտ, քանի դեռ դա չի «ժանգոտել», եւ քանի դեռ Աժ ընտրություններից հետո կիսաշոկային վիճակում գտնվող քաղաքական դաշտը չի հասցրել հակասերժական կոնսոլիդացիա իրականացնել: Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների գաղափարն իշխանությունը լրջորեն քննարկում էր նաեւ 2011 թվականի աշնանը, սակայն քննարկումների արդյունքում որոշեց նման քայլի չգնալ: Աժ ընտրություններում տեղի ունեցածից հետո, սակայն, արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարը կենսունակ է թվում»,- գրում է «Հայկական ժամանակը»:




























