Թուրքիային Շանհայական համագործակցության կազմակերպության գործընկերոջ կարգավիճակ տալու հարցը կդիտարկվի կազմակերպության նիստին՝ հունիսի սկզբին։ Այդ մասին ասվում է ՇՀԿ-ի ԱԳՆ-ի խորհրդի ղեկավարների հայտարարության մեջ, որը հայտնել է ՉԺՀ-ի արտգործնախարար Յան Ցզեչին։

Ավելի վաղ ՌԴ-ի ԱԳՆ-ի ղեկավարն էլ  էր հայտնել, որ մայիսի 11-ի նիստին ՇՀԿ-ի անդամ պետությունների ԱԳՆ-ների ղեկավարները  կդիտարկեն Աֆղանստանին դիտորդի, իսկ Թուրքիային՝ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու մասին որոշումները։
Նա նաեւ նշել էր, որ նախկինի պես բաց է մնում Հնդկաստանի եւ Պակիստանի լիիրավ անդամակցության հեռանկարների հարցը։
«Եկել է այդ հարցին նորովի նայելու ժամանակը։ Այն երկար ժամանակ առկախ թողնելն անարդյունավետ է», - Լավրովի խոսքերը մեջբերում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, Լավրովը նաեւ հայտնել էր, որ հունիսի 14-ին Քաբուլում տեղի կունենա Աֆղանստանի հարցով միջազգային հանդիպում։

«Կարծում եմ, որ մենք պետք է ակտիվ մասնակցենք աֆղանական հիմնախնդրին առնչվող բոլոր միջազգային քննարկումներին, ընդգծել ԱՖղանստանի քաղաքական եւ տնտեսական վերածննդի վերաբերյալ միջազգային հանրությանն աջակցելու ՇՀԿ-ի պատրաստակամությունը։ Դրան կօգնի Աֆղանստանին ՇՀԿ-ի դիտորդի կարգավիճակ տրամադրելը», - նշել է Լավրովը։

ՇՀԿ-ն ստեղծվել է 2001 թվականին։ Նրա կազմում են  Ղազախստանը, Չինաստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը։ ՇՀԿ-ում ներկայացուցչությունը որոշվում է կազմակերպությունների անդամների միջեւ ռոտացիայի հիմքով։ 2011 թվականի օգոստոսի 1-ից ՇՀԿ-ում նախագահությունը մեկ տարով անցել է Չինաստանին։  2013 թվականի հունվարի 1-ից ՇՀԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնը եռամյա ժամկետով կզբաղեցնի Ռուսաստանի ներկայացուցիչը։