Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ անցկացնելու համար` «5+1» ձեւաչափով: Այս մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Երժան Կազիխանովը, հանդես գալով Պեկինում Համագործակցության Շանհայի կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում: Նա նաեւ նշել է, որ Ղազախստանը կողմ է խնդրի միայն խաղաղ ճանապարհներով կարգավորմանը, հաղորդում է «Նովոստի Կազախստան»-ը:
«Ուժային միջոցներով խնդիրը լուծելու փորձերը կարող են հանգեցնել աշխարհաքաղաքական, տնտեսական եւ բնապահպանական անկանխատեսելի հետեւանքների:
«Պաշտպանելով խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման Թեհրանի իրավունքը, մենք հանդես ենք գալիս Իրանի միջուկային գործունեության թափանցիկության օգտին` ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո»,-հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարարը:




























