Կրկնակի գործակալը, ով ԿՀՎ-ին հայտնել էր, որ «Ալ-Կաիդայի» եմենյան բջիջը քաղաքացիական օդանավում ահաբեկչություն է պատրաստում, Մեծ Բրիտանիայի հպատակ է:

Reuters-ը, հղում անելով անանուն աղբյուրին, հաղորդում է, որ տեղեկություն տվողը ծնունդով Սաուդյան Արաբիայից է:

Գործակալությունը նաեւ հայտնում է, որ բրիտանական հատուկ MI5 եւ MI6 ծառայությունները (արտաքին եւ ներքին հետախուզություն) առանցքային դեր են ունեցել ահաբեկչության կանխման գործում:

CNN-ը նշում է, որ գործակալը մեծացել է Եվրոպայում: Կյանքի որոշակի տարիներին տարվել է իսլամիստական գաղափարներով եւ սկսել է հայտնվել համապատասխան շրջանակներում, ինչով էլ գրավել է Սաուդյան Արաբիայի հակաահաբեկչական ծառայությունների ուշադրությունը, որոնք նրան նկատել էին շուրջ մեկ տարի առաջ: Նրան մեծապես օգնում էր նաեւ բրիտանական անձնագիրը, որը թույլ էր տալիս թռչել ԱՄՆ` առանց վիզայի:

Համաձայն ահաբեկիչների ծրագրի` մահապարտը հագուստի տակ թաքցրած պայթուցիկով պետք է նստեր ԱՄՆ մեկնող ինքնաթիռ եւ թռիչքի ժամանակ պայթեցներ ռումբը: Ահաբեկչությունը նախատեսված էր գործել մայիսի 2-ին` Ուսամա բեն Լադենի ոչնչացումից մեկ տարի անց: Ապրիլի 20-ից հետո սաուդյան հատուկ ծառայությունների աշխատակիցներն իրենց տեղեկություններ հաղորդողին Եմենից տեղափոխել էին Սաուդյան Արաբիա` նրա համար նախատեսված ռումբի հետ միասին, գրում է lenta.ru-ն:

Պայթուցիկ սարքն ուսումնասիրող փորձագետները պարզել են, որ այն մետաղական դետալներ չունի, ուստի կարելի էր աննկատ անցկացնել մետաղորսիչի միջով: