Ռուսաստանցի ավիացիոն փորձագետները մոդելավորել են նախօրեին Ինդոնեզիայում կործանված Sukhoi SuperJet 100 (SSJ-100) ինքնաթիռի վերջին թռիչքը եւ եկել եզրակացության, որ աղետի պատճառը մարդկային գործոնն է:

Փորձագետները հատուկ տրենաժորի վրա կրկնել են Sukhoi Superjet 100-ի թռիչքը եւ համակարծիք եղել օդաչուների մեղավորության մասով: Մասնագետները պատմել են, որ ինքնաթիռում տեղադրված է եղել անվտանգության համակարգ, որ նախազգուշացնում է օդաչուներին խոչընդոտի մոտենալու մասին: Բոլոր ազդանշանները կրկնվում են: «Իզվեստիա»-ի զրուցակիցը նշել է, թե վթարը չէր կարող դիսպետչերի մեղքը լինել, քանի որ նա տալիս է բարձրությունն ու իջնելու կուրսը, իսկ ռելիեֆի գերազանցումը ներդրված է ինքնաթիռի սարքավորումների մեջ:

Փորձի նախնական արդյունքներով, մայիսի 9-ին ինքնաթիռը կատարել է իր երկրորդ ցուցադրական թռիչքը արեւոտ եղանակին, հատելով լեռների շղթան, ինքնաթիռն ընկել է անձրեւի եւ մառախուղի մեջ: 20 րոպե անց օդաչուները դիսպետչերից բարձրության  նվազեցում են խնդրել: Նրանց թույլատրել են 3 հազար մետրից իջնել 1,8 մետրի: 8 վայրկյան անց ինքնաթիռը 400 կմ/ժամ արագությամբ բախվել է Սալակ լեռան ստորոտին: