Ուկրաինա ազգային բաժնետիրական «Նավթոգազ Ուկրաինի» ընկերությունը եւ «RWE Supply &Trading GmbH»-ը (Գերմանիա) բնական գազի առքուվաճառքի համաձայնագիր են կնքել: Այդ մասին հաղորդում է «Նավթոգազ»-ի մամուլի ծառայությունը:
Նշված համաձայնագիրն իրավաբանական հիմքեր է ստեղծում RWEST-ի կողմից «Նավթոգազ»-ին բնական գազ մատակարարելու համար, միաժամանակ չի պարունակում կողմերի պարտավորություններ` էներգապաշարների պարտադիր գնման կամ վաճառքի վերաբերյալ, գրում է «Ուկրինֆորմը»:
Գները, ծավալները, ինչպես նաեւ կողմերի պարտականությունները կսահմանվեն առանձին պայմանագրերով:
RWEST-ը էլեկտրաէներգետիկայի բնագավառում Եվրոպայի խոշորագույն ընկերություններից է եւ եվրոպական երկրների կարիքների համար 50 մլրդ խմ բնական գազ է ապահովում:
Segodnya.ru-ն հիշեցնում է, որ Ուկրաինան համարյա երկու տարի ՌԴ-ի հետ բանակցություններ է վարում գազի գինը նվազեցնելու ուղղությամբ` գներն անվանելով անարդար, իսկ պայմանագրերը` ճորտական: Ռուսաստանը գինը վերանայելու դիմաց փորձում է իր համար մուտք ապահովել ուկրաինական գազատրանսպորտային համակարգ: Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների գազային բանակցությունները կշարունակվեն մայիսի վերջին:




























