«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ով արդեն հայտարարել է պատգամավորի մանդատը չվերցնելու իր մտադրության մասին, նաեւ հանդես է եկել հայտարարությամբ:
«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ հրավերին արձագանքելու համար եւ խնդրել, որ այսօր պահպանենք ճեպազրույցի ձեւաչափը ու իմ քաղաքական հայտարարությամբ ավարտենք մեր հանդիպում»,-ասաց նա:
«Ինչպես գիտեք ես ասել էի, որ ՀԱԿ-ի խորհրդարան անցնելուց հետո հրաժարվելու եմ մանդատից եւ հիմա պաշտոնապես հայտարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի իմ մանդատը ու հաջողություն եմ մաղթում ՀԱԿ-ին առաջիկա խորհրդարանական գործունեության մեջ:
Կանխելով ձեր հարցադրումները` հայտարարում եմ նաեւ, որ առաջիկայում կուսակցության ակտիվի հետ քննարկելու ենք ՀԱԿ-ի հետ մեր հետագա համագործակցության ձեւաչափը: Չի բացառվում նաեւ ՀԱԿ-ից դուրս գալու հեռանկարը:
Անցած ժամանակահատվածում մենք ունեցել ենք տարաձայնություններ ՀԱԿ-ի գործունեության վեկտորի, ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքական դիրքորոշումների շուրջ, որոնց մասին ազատորեն բարձրաձայնել եմ իմ կարծիքը:
Լինելով թիմային գործունեության մարդ, չկարեւորելով սեփական հավակնությունների հաստատումը, ես արել եմ հնարավորն ընդհանրական հաջողության համար: Խորապես համոզված եմ, որ մենք բոլորս արժանի ենք բոլորովին այլ Հայաստանի, քան ունենք:
Կուսակցության անդամների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, շահագրգիռ անձանց քննարկումներից հետո «Հանրապետություն» կուսակցության առաջիկա համգումարում ծրագրային ելույթով կներկայացնեմ մեր պատկերացումները նոր Հայաստանի եւ մեր անցնելիք ճանապարհի մասին: Շնորհակալություն»,-ասված է Արամ Սարգսյանի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանը ՀԱԿ-ի համամասնական ցուցակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Դեռեւս քարոզարշավի ժամանակ նա հայտարարել էր, որ վայր է դնելու մանդատը, նաեւ նշել, որ իրենց կուսակցությունից ՀԱԿ-ի համամասնական ցուցակում միայն ինքն է լինելու:
Նշենք նաեւ, որ Արամ Սարգսյանի կողմից մանդատը չվերցնելու դեպքում, ՀԱԿ-ի համամասնական ցուցակով պատգամավոր կդառնա նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Մինչ այդ մանդատը չվերցնելու որոշում էր կայացրել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի արդյունքում պատգամավորի մանդատ կստանա Հրանտ Բագրատյանը:




























