Արամ Սարգսյանը նախօրոք հայտարարել էր, որ հրաժարվելու է պատգամավորական մանդատից, դա իր որոշումն ու ընտրությունն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը, մեկնաբանելով «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հայտարարությունը` պատգամավորական մանդատը չվերցնելու որոշման վերաբերյալ:

«Ես այլ մեկնաբանություններ չունեմ, պետք է հարցնել հենց Արամ Սարգսյանից: Նա այդպես է նպատակահարման գտել»,-ասաց Զուրաբյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀԱԿ-ի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հայտարարել էր, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից եւ չի բացառում ՀԱԿ-ից դուրս գալը:

Նշենք, որ Արամ Սարգսյանի կողմից մանդատը չվերցնելու դեպքում, ՀԱԿ-ի ցուցակով պատգամավոր կդառնա նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Մինչ այդ պատգամավորական մանդատը չվերցնելու որոշում էր կայացրել Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի արդյունքում ՀԱԿ-ից պատգամավոր կդառա նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: