Եվրոպական շուկան մեզ համար դեռևս անհասանելի է։ Այս մասին կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Ձկնաբույծների միության նախագահ Գոռ Գրիգորյանը։ Ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչները հուլիսի 21-ի առավոտից բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ։
«Ակնկալում ենք պետական աջակցության ծրագրեր: Կառավարությունն արդեն երկու ծրագիր է իրագործել, սակայն դրանք անիրատեսական են և ոլորտին որևէ դրական արդյունք չեն բերելու: Փորձում են հանրությանը ցույց տալ, թե ոլորտի հետ կապված հարց է լուծվել, բայց ոչ Եվրոպա արտահանելու կանոնակարգերի հետ կապված հարցն է լուծվել, ոչ էլ արտահանման սուբսիդավորման հարցը, որովհետև եվրոպական շուկան մեզ համար դեռևս անհասանելի է: Իսկ այն ծավալները, որոնք այսօր գտնվում են տնտեսվարողների տնտեսություններում, միանգամից եվրոպական շուկայում իրացնելն անիրատեսական է», - պարզաբանել է Գրիգորյանը՝ հավելելով, որ խոսքը շուրջ 15 տոննա կենդանի ձկան մասին է։ Դրան ավելացրեք նաև ռուսական սահմանից վերադարձված սառեցված արտադրանքը, հիշեցրել է Գրիգորյանը։
Արտահանումը դադարեցվել է մայիսի 15-ին։ Գրիգորյանի խոսքով՝ այժմ արտահանման ծավալները հասել են 13 հազար տոննայի։ «Կառավարության 1-2 որոշումով անհնար է 13 հազարանոց շուկան միանգամից տեղափոխել Եվրոպա: Մենք դեմ չենք եվրոպական շուկա մտնելուն և այնտեղ ապրանք վաճառելուն, դա ողջունելի է, նոր շուկա է, ի վերջո: Բայց մինչև այնտեղ մտնելը մենք գործ ունենք կենդանի օրգանիզմի հետ, որի պահպանումը ծախսեր է պահանջում: Պարոն Պապոյանը խոստացավ, որ աջակցության ծրագիր կլինի, որպեսզի տնտեսությունները պահպանվեն մինչև արտահանման և իրացման հետ կապված հարցերը լուծվեն: Սակայն շուրջ երկու ամիս է, որ այդ ուղղությամբ որևէ քայլ չի արվել, նույնիսկ նախագիծ չի շրջանառվում», - նկատել է Գրիգորյանը։
Ի պատասխան նախարարի այն հավաստիացմանը, թե եվրոպական շուկան բաց է հայկական ձկնամթերքի համար, նա ընդգծել է, որ որոշումն ընդունված է, սակայն առջևում երկար ճանապարհ կա, որի ընթացքում տնտեսություններին աջակցություն է անհրաժեշտ։ «Նենց չի, որ էդ մեքեննաները պետք ա բարձած այստեղից հասնեն Եվրոպա, իսկ եվրոպացիներն էլ իրենց սեղանները բացած սպասեն հայկական ձկանը։ Անհրաժեշտ է շուկա փնտրել, իսկ մինչ այդ տնտեսությունները պարզապես կքանդվեն։ Կան տնտեսություններ, որոնք օրական 20-30 միլիոն դրամ են ծախսում», - թվարկել է Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ եթե փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը չընդունի ձկնաբույծներին, նրանք կքննարկեն իրենց հետագա քայլերը։
«Մարդիկ այստեղ են եկել, որովհետև դրված է իրենց գոյության հարցը։ Մարդիկ իշխանություններից վերադարձի պայմանով սուբսիդիաներ են խնդրում, ոչ ոք այստեղ ձրի փող չի ուզում», - ընդգծել է Գրիգորյանը։
Նա նաև հայտնել է, որ երկրում կա ավելի քան 100 ձկնաբուծական տնտեսություն, սակայն արտահանողները շուրջ 10-ն են։











