Այսօրվա դրությամբ չգիտեմ որևէ մեկին, ով կարող է Հայաստանից Եվրոպա ձուկ և ձկնամթերք արտահանել։ Կառավարության շենքի մոտ ընթացող ձկնաբույծների բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն այս մասին հայտարարել է լրագրողների հետ զրույցում։

«Ոչ ոք չգիտի, և իրենք էլ (իշխանությունները) չգիտեն, թե դա ինչպես անել։ Արտադրողները լրջագույն խնդիրների առաջ են կանգնած։ (Իշխանությունները) հենց տեսնում են, որ գազեր են հավաքվել ու մարդիկ հեսա մի բան անելու են, մի բան մտածում են, ասում՝ փորձելով ձգձգել ու փակել հարցը։ Երեք ամիս է՝ իրենք էլ չգիտեն, թե ինչ են անում», - հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվել է ջրից․ «Իրենց տափակ մտքերով փորձում են վերահսկել անձրևաջուրը։ Ես անցյալ տարի 2 միլիոն դրամի հարկ եմ վճարել անձրևաջրի համար։ Դա գետնի տակի ջուր չէ, միլիոնավոր տարիներ հոսել է անձրևաջուրը։ Սկզբում փակեցին 30 տոկոսով, հիմա՝ 40, ոչնչացնում են շուկան։ Սա նման է նրան, որ 30 տարի մարմնամարզությամբ զբաղվես, ու վերցնեն ուղարկեն ծանրամարտի մրցումների»։

«Ո՛չ ժամանակ են տալիս, ո՛չ աջակցություն։ Եվրոպային էլ չենք հավատում, սուբսիդիաները միայն թղթի վրա են։ Ոչ ոք մեզ հետ հաշվի չի նստում, կարծիք չի հարցնում, օգնություն չի ցուցաբերում։ Եվ Եվրոպան չէ, որ պետք է որոշի մեր փոխարեն», - հայտարարել է ակցիայի մասնակիցը։ Նա պարզաբանել է, որ ձկնկիթի հայտնվելու պահից մինչև շուկա ուղարկելը իշխանին 3,5 տարի է անհրաժեշտ, իսկ թառափին՝ 10 տարի։

Բողոքող քաղաքացին նաև նշել է, որ տնտեսությունները 20 հազար տոննայից ավելի արտադրանք են թողարկել՝ կառավարության պահանջները բավարարելու համար, իսկ հիմա իշխանությունները կտրուկ փոխում են դրանք։

«Եվրոպա ենք չէ՞ գնում, պալատկաներ կբերենք, ֆուռերով ձուկ կբերենք կլցնենք ստեղ, ինչ պետք ա, կանենք։ Իրավիճակը ծայրահեղ ծանր է։ Երեք ամիս է՝ անկումը շարունակվում է», - հայտարարել է ակցիայի մասնակիցը։ Նա նաև կասկածի տակ է դրել իշխանությունների այն հավաստիացումները, թե ծաղիկներն ու մրգերը հասնում են Եվրոպա։