Առայժմ վաղ է մտածել 2013թ. նախագահական ընտրությունների մասին: Այդ մասին Ընտրությունների վերահսկման միասնական շտաբի նիստում հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը` պատասխանելով հարցին, թե որքանով է հավանական նրա մասնակցությունը նախագահական ընտրություններին, եթե ԲՀԿ-ՀՀԿ կոալիցիա ստեղծվի:
«Այդ հարցն ինձ բազմիցս են տվել, եւ ես միեւնույն պատասխանն եմ տալիս: Առայժմ չեմ մտածում այդ թեմայի շուրջ, դեռ վաղ է: Որոշներն այդ պատասխանը մեկնաբանում են, թե ես չեմ բացառել իմ մասնակցությունը, մյուսները` թե բացառել եմ»,- ասել է Օսկանյանը:
Հարցին, որ եթե «Բարգավաճ Հայաստանը» չմտնի կառավարող կոալիցիայի կազմ, ինչ կշահի ժողովուրդը, Օսկանյանը պատասխանել է, թե առաջին հերթին կշահի ժողովուրդը: «Իմ համար դա միանշանակ է: Նախընտրական արշավի ընթացքում ես պայքարել եմ քաղաքական մենաշնորհի դեմ: Ես շարունակելու եմ պայքարը, քանի դեռ այդ երեւույթն արմատախիլ չի եղել, եւ առողջ քաղաքական համակարգ չի ստեղծվել` հիմնված հակակշիռների վրա: Առաջիկայում կիմանանք` ԲՀԿ-ն կդառնա այդ հակակշիռը, թե` ոչ»:




























