«Աերոֆլոտը» աշխատանքից հեռացրել է ընկերության ուղեկցորդուհի Եկատերինա Սոլովյովային Twitter-ում` Ինդոնեզիայում աղետի ենթարկված Sukhoi SuperJet 100 ինքնաթիռի վերաբերյալ ցինիկ գրառման համար: Գրառումն արվել էր անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել տեղորոշիչ սարքերի էկրաններից ինքնաթիռի անհետանալու մասին:

«Ի՞նչ է, սուպերջեթն ընկե՞լ է: ՀԱՀԱՀԱ: Աղբատար: Ափսոս, Աերոֆլոտում չէ, մի հատով կպակասեր, կարող է եւ հետ են վաճառել ինչ-որ մեկին» - գրել էր Սոլովյովան:

Այդ արտահայտությունը ցնցել է նրա գործընկերներին, որոնք անմիջապես մեղադրել էին նրան եւ այդ մասին Twitter-ի եւ բաց գծի միջոցով հայտնել ղեկավարությանը:

«Աերոֆլոտի» գլխավոր տնօրենի տեղակալ Վադիմ Զինգմանի հրամանով Սոլովյովան աշխատանքից հեռացվել է մայիսի 11-ին` կողմերի համաձայնությամբ: Նրա հեռացման մասին հրամանը հրապարակվել էր Twitter-ում «Աերոֆլոտի» պաշտոնական էջում:

Ուղեկցորդուհու հետ աշխատանքային պայմանագիրը կնքվել էր 2011 թվականի հուլիսի 19-ին: Նա ընդգրկված է եղել Լոնդոն, Փարիզ, Բեռլին, Պրահա, Բուդապեշտ, Մյունխեն ուղեւորվող Airbus A320 եւ A321 ինքնաթիռներն սպասարկող թիմում, հայտնում է «Իզվեստիան»:

Հիշեցնենք, որ Sukhoi Superjet 100-ն աղետի էր ենթարկվել Ինդոնեզիայում` մայիսի 9-ի ցուցադրական թռիչքի ժամանակ: Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել էին Սալակ լեռան լանջին` 1,6 կմ բարձրությունում: Ինքնաթիռում գտնվել են 45 մարդ, ոչ ոք չի փրկվել: