Մեծ Բրիտանիայի երեք բնակիչներ աշխարհում առաջին անգամ տաքսիով շուրջերկրյա ճանապարհորդությունն են կատարել: 15 ամիս տեւած նրանց ճանապարհորդությունն ավարտվել է մայիսի 11-ին: Նրանք այդ ժամանակահատվածում բրիտանական «Հաննա» սեւ տաքսիով անցել են 43 հազար մղոն կամ մոտավորապես 69,5 հազար կմ:
Գլոսթերշիրից 23-ամյա Փոլ Արչերը, Լիդսից 27-ամյա Ջոնո Էլիսոնը եւ Սթաֆորդշիրից 23-ամյա Լեյ Փերնելն իրենց ճամփորդությունն սկսել էին Լոնդոնից անցյալ տարվա փետրվարին եւ այցելել 4 մայրցամաքների 50 երկիր:
Ամեն ինչ սկսվել է խմելուց: Երեք ընկերներ խնջույքից տաքսիով վերադառնալիս են եղել, փող քիչ է եղել, իսկ տաքսու հաշվիչը կմ-եր է գրառել` դրանք փոխարկելով ֆունտերի: Տանը, դեռեւս վերջնականապես չսթափվելով, նրանք համացանց են մտել, որպեսզի տեսնեն, թե որն է եղել տաքսիով կատարած ամենաերկար ուղին:
Շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակ նրանց չի հաջողվել խուսափել վթարներից: Նրանք ասում են, որ մեքենայով ճանապարհորդողի համար կա երկու տեսակի վտանգ. առաջինը քաղաքականն է: «Այդ իմաստով ամենից ավելի դժվարը եղել է Պակիստանում եւ Իրաքում: Կան երկրներ, որտեղ պարզապես վտանգավոր է մեքենայով գնալը: Այստեղ մրցակցությունից դուրս է Հնդկաստանը»: Ամենավտանգավոր արկածը նրանց հետ տեղի է ունեցել Իրանում, որտեղ նրանց ձերբակալել էին անվտանգության ծառայության գործակալները, իսկ Արչերն անգամ արտաքսվել էր այդ երկրից լրտեսության կասկածանքով, հայտնում է NEWSru.com-ը:
Հիմալայներում նրանց հաջողվել է տաքսիով ուղեւորության համար ռեկորդային բարձրության հասնել:
Եթե նրանք որպես ուղեւորներ գնային, նրանք պետք է ծախսեին 80 հազար ֆունտ սթեռլինգ, իսկ դա մոտավորապես 130 հազար դոլար է, հաշվել են ճանապարհորդության մասնակիցները: Սակայն անձնակազմին հաջողվել է ոչ միայն խուսափել ծախսերից, այլեւ ուղեւորության ընթացքում հավաքել 20 հազար ֆունտ (33,2 հազար դոլար)` Բրիտանական Կարմիր խաչի կազմակերպության կարիքների համար:




























