Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով Մերձմոսկվայում և Տամբովի մարզում հիմնահատակ այրվել են Wildberries-ի՝ 350 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով լոգիստիկ պահեստները։ Սա կարող է դառնալ ՈւԶՈՒ-ի հասցրած ամենախոշոր ֆինանսական վնասով հարձակումներից մեկը։

Շուրջ 30 միլիարդ ռուբլի արժողությամբ երկու կենտրոններից բացի, հրդեհները ոչնչացրել են նաև այնտեղ գտնվող առնվազն 150 միլիարդ ռուբլու ապրանք։ Այսպես է վնասը գնահատում Data Insight գործակալության առաջատար վերլուծաբան Սերգեյ Սեմկոն։ Նա ընդգծում է, որ սա դեռևս «զգուշավոր գնահատական է»․ այրված ապրանքների արժեքը իրականում կարող է հասնել 170-230 միլիարդ ռուբլու։

Արդյունքում հրդեհից կրած ընդհանուր վնասը, ամենահամեստ հաշվարկներով, կկազմի 180 միլիարդ ռուբլի։ Այս գումարը գերազանցում է ռուսաստանյան 53 շրջանների տարեկան բյուջեները։ Դրանց թվում են Օմսկի մարզը (178,6 մլրդ ռուբլի), Բելգորոդի մարզը (177,3 մլրդ ռուբլի), Ուդմուրտիան (172,6 մլրդ ռուբլի) և Տուլայի մարզը (169,6 մլրդ ռուբլի)։

Հրդեհից հասցված վնասը կրկնակի գերազանցում է Իվանովոյի մարզի տարեկան բյուջեն (88,5 մլրդ ռուբլի), եռակի անգամ՝ Օրյոլի մարզինը (61 մլրդ ռուբլի), և մոտ 6 անգամ՝ ամենաաղքատ մարզերի բյուջեները (Կալմիկիայինը (35,3 մլրդ ռուբլի), Նենեցական ինքնավար օկրուգինը (30,5 մլրդ ռուբլի) և Հրեական ինքնավար մարզինը (28,1 մլրդ ռուբլի))։

Թեև Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարել է, որ ընկերությունը մշակում է ապրանքը կորցրած վաճառողներին փոխհատուցելու տարբերակներ, տեսականորեն դրա համար պահանջվելու է Wildberries-ի ամբողջ տարեկան շահույթին համամասնական գումար. անցյալ տարի այն կազմել է 175 մլրդ ռուբլի, հիշեցնում է Forbes-ը։ Ընդ որում, հարձակումից ընդամենը երկու շաբաթ առաջ՝ հուլիսի 7-ին, ուժի մեջ է մտել Wildberries-ի թարմացված օֆերտան, որի համաձայն ընկերությունն իր վրայից հանել է անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և այլ ռազմամթերքի հարվածների հետևանքով ապրանքների կորստի պատասխանատվությունը։

Օֆերտան ընդունած վաճառողների շանսերը դատարանում նվազագույնի են հասել, ասում է փաստաբան Կոնստանտին Ստեպանովը. մարկետփլեյսն ԱԹՍ-ների հարձակումները ներառել է ֆորսմաժորային իրավիճակների ցանկում, իսկ պայմանագրի միակողմանի փոփոխման վրա հղում անելը բարդ է, քանի որ օֆերտան վաճառողի կողմից համարվում է ընդունված ակցեպտի պահից։ Չնայած Կիմի հավաստիացումներին՝ Wildberries-ն արդեն իսկ կասկածելի վարքագիծ է դրսևորում։ «Правовая Помощь» իրավաբանական ընկերության ղեկավար գործընկեր Ալեքսանդր Տարասենկոն նկատում է, որ վաճառողների անձնական էջերից պարզապես ջնջվել են այրված պահեստներում եղած ապրանքների մնացորդների հաշվետվությունները։ Մինչդեռ հենց այդ տվյալներն են փոխհատուցում ստանալու միակ հույսը։

Ռուսաստանյան լոգիստիկ կենտրոններին հասցվող ուկրաինական հարվածների ընդլայնումը կարող է երկարաժամկետ «ակնհայտ բացասական» հետևանքներ ունենալ տնտեսության համար (եթե դրանք կրեն համակարգված բնույթ, այլ ոչ թե լինեն միանգամյա ակցիաներ)։ Այս մասին նախազգուշացնում է Bloomberg Economics-ի՝ ՌԴ հարցերով գլխավոր տնտեսագետ Եկատերինա Վլասովան։ Նրա պարզաբանմամբ՝ ընկերությունները ստիպված կլինեն ավելի շատ միջոցներ ծախսել անվտանգության, պաշարների բաշխման և նոր պահեստային տարածքների վրա։ Սա էլ, ի վերջո, կարտացոլվի սպառողական գների վրա՝ հանգեցնելով գնաճի արագացման։