Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել է, որ իրեն հեռացրել են «իրանական գործի» քննությունից։ Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է Սարգսյանը, որոշումը կայացվել է այսօր։

«Այսօր պետք է շարունակվեին հարցաքննությունն ու առերեսումը, սակայն իրավապահ համակարգը չի դադարում զարմացնել։ Ինձ հեռացնում են քննությունից, որովհետև Իրանի քաղաքացին ցուցմունք է տվել, թե ես ներկա եմ եղել որոշ հանդիպումների։ Սա ապօրինության գագաթնակետն է»,- հայտարարել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ դա արվել է վախից, հնարավոր է՝ վերևներից թելադրված կերպով, քանի որ քննությունը տեսնում էր, որ ամեն ինչ ընթանում է իրենց համար ոչ ցանկալի հունով։ «Մենք հիմնավորեցինք «տուժողի» սուտը։ Հասկանալով, որ դա շարունակվելու է, որոշեցին ինձ հեռացնել։ Ամեն ինչ անում են (Ծառուկյանի) մեղավորության տպավորությունը պահպանելու համար։ Սակայն մենք ունենք անհերքելի ապացույցներ, որ իրանցիները ստում են։ Եվ քննչական մարմինը գիտի, որ նրանք ստում են։ Վստահ եմ, որ քննությունն է ուղղորդում իրանցիներին»,- նշել է փաստաբանը։

Նա ընդգծել է, որ օրենքի համաձայն՝ փաստաբանը չի կարող որպես վկա հարցաքննվել իր վարած գործով՝ գործի վերաբերյալ իրեն հայտնի տեղեկությունները կորզելու նպատակով։ «Իրանցիների ցուցմունքները նրանք ընդունում են որպես վերջնական ճշմարտություն, իսկ մեր փաստարկներն անտեսում են»,- հավելել է Սարգսյանը։ Նրան արդեն վկայի կարգավիճակով ցուցմունք տալու ծանուցագիր են հանձնել։ «Ինձ հեռացնում են, որպեսզի չխանգարեմ»,- արձանագրել է Սարգսյանը։ Այնուամենայնիվ, նա կշարունակի որպես փաստաբան հանդես գալ Ծառուկյանի մյուս գործերով։

Քննությունից հեռացնելու մասին որոշումը բողոքարկվելու է դատախազությունում և դատարանում։