Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն այսօր` մայիսի 11-ին հայտարարություն է տարածել, ուղղված ՀՀ նախագահին եւ նորընտիր Ազգային Ժողովին: Դրանում հիմնավորվում է Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների եւ ինովացիոն ոլորտները կարգավորող առանձին պետական կառավարման մարմնի՝ նախարարության ստեղծման անհրաժեշտությունը:
«Նախարարությունը կհամակարգի Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների, նորարարության ներդրման եւ զարգացման, տնտեսության բոլոր բնագավառներում դրանց արդյունքների ներդրման, էլեկտրոնային կառավարման եւ տեղեկատվական հասարակության ձեւավորման գործընթացները, պատասխանատու կլինի ոլորտի պետական քաղաքականության մշակման ու իրականացման համար: Ոլորտի կառավարման նմանատիպ մոդելներ ներդրվել եւ հաջողությամբ կիրառվում են աշխարհի բազմաթիվ զարգացող եւ զարգացած երկրներում` Ավստրիայում, Չեխիայում, Դանիայում, Գերմանիայում, Մալթայում, Պորտուգալիայում, Սերբիայում, Բելառուսում, Ղազախստանում, Ռուսաստանում, Մոլդովայում, Ռումինիայում, Լեհաստանում, Բուլղարիայում, Սլովենիայում, Մալազիայում, Եգիպտոսում եւ այլն:
Նախարարության առկայությունը հնարավորություն կտա խուսափել ոլորտի զարգացմանը խոչընդոտող բազմաթիվ հանգամանքներից, ինչպիսիք են՝ ոլորտի միասնականության խաթարումը՝ տարբեր պետական մարմինների միջեւ բաժանվածությամբ, գործառույթների հաճախակի կրկնողությունները, իրար միջեւ բաժանելու անկարողությունը, միասնական համակարգման գրեթե բացակայությունը եւ այլն: Արդյունքում ոլորտի կառավարմանը, զարգացմանն ուղղված ջանքերը հիմնականում ձեւական բնույթ են կրում»,- նշված է հայտարարության մեջ:
ԻՏՁՄ-ի կարծիքով` ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կնպաստի պետական կառավարման, պաշտպանության, կրթության, առողջապահության, անվտանգության, ինչպես նաեւ տնտեսության այլ բնագավառներում տեխնոլոգիական առաջնահերթությունների բացահայտմանը, իսկ միասնական եւ հետեւողական կառավարումը կապահովի տեխնոլոգիական եւ ինովացիոն աննախադեպ նվաճումներ:
«Մեր կարծիքով Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների եւ ինովացիոն զարգացման նախարարության մոդելը համահունչ է գործող պետական կառավարման համակարգին եւ որեւէ հակասություն չի առաջացնում: Պետական կառավարման նմանատիպ մարմնի ստեղծմամբ չի առաջանում էական ծախսերի անհրաժեշտություն, քանզի այն չի ենթադրում մեծ աշխատակազմի ստեղծում, իսկ ներկայիս տարբեր պետական մարմիններում նշված ուղղություններով զբաղվող, եւ հաճախ գործառույթներով իրար կրկնող ստորաբաժանումներում ներգրավված են մի քանի անգամ ավելի շատ մարդկային ռեսուրսներ: Նախարարության ստեղծումը կբերի որոշակի ռեսուրսների խնայողության` ի հաշիվ նշված անարդյունավետ կառավարման մեխանիզմների վերացման, գործառութային կրկնությունների բացառման, իրականացվող ծրագրերի համակարգվածության, առկա ռեսուրսների կենտրոնացված կառավարման, չհաշված ոլորտի զարգացման արդյունքում եկամտաբերության եւ հարկային մուտքերի ավելացումը»,- գրված է հայտարարության մեջ:




























