Ղարաբաղյան հիմնախնդիրն, այսպես կոչված, սառեցվածների մեջ ամենաբարդերից է: Այդ մասին, այսօր` մայիսի 11-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Լիբերալ-դեմոկրատների եւ բարեփոխողների Եվրոպական կուսակցության ղեկավար Գրեմ Ուոթսոնը:
Ուոթսոնը կարծում է, որ «սառեցված» բառը հաջող ընտրություն չէ, քանի որ եթե խնդիրը սառեցված լիներ, ապա չէին լինի մահվան դեպքեր հրաձգության արդյունքում: Սակայն ըստ նրա, տվյալ խնդիրը սառեցված է այն տեսակետից, որ դժվար է առաջընթացի ուղի տեսնելը:
Ուոթսոնը նաեւ ավելացրել է, որ Եվրամիության մոտեցման կողմնակից է, որը պնդում է հարցի լուծման դիվանագիտական ուղին:
«Ես ուրախ եմ, որ մենք բավական զգալի առաջընթաց ենք գրանցել Մոլդովայի եւ Մերձդնեստրի հակամարտությունների լուծման գործում: Ես հուսով եմ, որ այդ առաջընթացը կօգնի վստահության մթնոլորտ ստեղծել ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ, որը մեզ կօգնի առաջընթաց գրանցել նման այլ հիմնախնդիրներում»:
Նա նաեւ նշել է, որ դեմ է «ով է ճիշտ, ով` սխալ» տեսակետին: «Սակայն մի բան գիտեմ. զինված հակամարտությունը երբեք չի որոշում` ով է արդար, ով` մեղավոր: Այն պարզապես որոշում է, թե ով է ողջ մնալու»:




























