Հայաստանի իշխանություններն ութ տարվա ընթացքում ամբողջությամբ ձախողել են շուկաների դիվերսիֆիկացման և գյուղատնտեսական ապրանքների որակի ապահովման աշխատանքները, ինչի պատճառով էլ Ռուսաստանի կողմից սահմանված սահմանափակումների ֆոնին՝ հայ ֆերմերներն ու արտահանողներն այսօր կանգնել են կոտրած տաշտակի առջև։ Հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը («Ռոսսելխոզնադզորը») դեռևս 2023–2024 թվականներից սկսած բազմիցս պաշտոնական զգուշացումներ է ուղարկել ապրանքների որակի հետ կապված խնդիրների մասին, սակայն Հայաստանի պետական մարմիններն անտեսել են այդ ազդանշաններն ու որևէ քայլ չեն ձեռնարկել։ «Իշխանությունների հայտարարությունները՝ եվրոպական շուկա դուրս գալու և Լեհաստան հինգ բեռնատար ուղարկելու մասին, ծիծաղելի են, քանի որ դիվերսիֆիկացիան պահանջում է համակարգային քաղաքականություն, որակի վերահսկողություն և ֆերմայից մինչև խանութի դարակի հետագծելիություն։ Առանց դրա հայկական արտադրանքը ԵՄ-ում պարզապես մրցունակ չէ», - ընդգծել է Հարություն Մնացականյանը։ Պատգամավորը հավելել է, որ արտահանման արգելափակման խնդիրը մեկ օրում չի լուծվի, և քանի դեռ հայկական գյուղմթերքն ընդհանրապես չի հասնում ռուսական շուկա, իբր ձեռք բերված պայմանավորվածությունների մասին կառավարության ցանկացած հայտարարություն, չի համապատասխանում իրականությանը։