«ԱրմենՏել» ընկերությունն (ապրանքանիշը Beeline) աջակցել է «Կանգ առ ակնթարթ, դու գեղեցիկ ես» խորագրով լուսանկարչական մրցույթ-ցուցահանդեսի անցկացմանը, որի կազմակեպիչն է «Մշակույթ» հասարակական կազմակերպությունը: «Կանգ առ ակնթարթ, դու գեղեցիկ ես» լուսանկարչական մրցույթ-ցուցահանդեսին մասնակցել են շուրջ 50 երիտասարդ լուսանկարիչներ Երեւանի մի շարք ԲՈՒՀ-երից, որոնց թվում էին Երեւանի Պետական Համալսարանի, Երեւանի Պետական Բժշկական Համալսարանի, Երեւանի Պետական Մանկավարժական Համալսարանի եւ այլ պետակական հաստատությունների սաններ:
Մարտ ամսվա ընթացքում ուսանողները լուսանակարում էին խորագրին համապատասխան` մշակութային կոթողներ, գեղեցիկ ակնթարթներ, կենդանիներ եւ ներկայացնում մեկ հաջողված լուսանկար: Այնուհետեւ, մայիսի 11-ին Երեւանի Պետական Համալսարանի կենտրոնական մասնաշենքում տեղի ունեցավ ցուցահանդեսը եւ պարգեւատրման արարողությունը:
Պատվավոր ժյուրիի ներկայացուցիչներն ընտրեցին լավագույն աշխատանքները: 1-ին տեղը զբաղեցրեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանող Մարիա Պապյանը, ով արժանացավ հայտնի լուսանկարիչ եւ օպերատոր Ալբերտ Յավուրյանի անվան առաջին մրցանակին, 2-րդ տեղը զբաղեցրեց Վահրամ Մոսինյանը եւ 3-րդը` Գեւորգ Ղոսալմյանը: «ԱրմենՏել» ընկերության եւ «Մշակույթ» հասարակական կազմակերպության կողմից յոթ երիտասարդներ պարգեւատրվեցին պատվոգրերով եւ մրցանակներով: Բոլոր մասնակիցները ստացան խրախուսական պարգեւներ «ԱրմենՏել» ընկերության կողմից:
«ԱրմենՏել ընկերությունը մեծ նշանակություն է տալիս երիտասարդների զարգացման ուղղված, մշակութային արժեքների պահպանմանն եւ կրթական ծրագրերին: Ուրախ ենք, որ «Կանգ առ ակնթարթ, դու գեղեցիկ ես» խորագրով լուսանկարչական մրցույթ-ցուցահանդեսի ընթացքում ի հայտ եկան երիտասարդներ, ովքեր լուսանկարների միջոցով բացահայտեցին իրենց արվեստագիտական մտածողությունը ու գեղարվեստական ճաշակը», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
«Շատ ուրախ եմ, որ մեր երիտասարդներն այսչափ ակտիվություն ցուցաբերեցին մեր կողմից կազմակերպված այս լուսանկարչական ցուցահանդեսին, որի նպատակն էր խթանել լուսանկարչական արվեստը Հայաստանում եւ ներմուծել ավելի բարձր ու պրոֆեսիոնալ չափանիշներ արվեստի այս ուղղության մեջ: Ցանկացած ֆիլմ սկսվում է ճիշտ եւ գեղագիտական առումով արժեք ներկայացնող կադրից եւ ես լիահույս եմ, որ գուցե հենց մեր մրցույթի մասնակիցների մեջ են այն երիտասարդները, ովքեր վաղը պետք է պրոֆեսիոնալ ձեւով ներկայացնեն լուսանկարչական արվեստը եւ կինոարվեստը Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս: Հայ ազգը շատ տաղանդավոր է եւ իր մեջ կրում է մեծ պոտենցիալ եւ ի զորու է իր մշակույթով նվաճել ու գերել աշխարհը. եկեք կրողը եւ պահպանողը լինենք մեր մշակույթի ու շարունակենք ստեղծագործել անկախ ամեն ինչից, քանզի իրական արվեստագետը չի կարող ապրել առանց ստեղծագործելու...
Շնորհակալ ենք «ԱրմենՏել» ընկերությանը մեր կողքին լինելու համար եւ մեր այս մրցույթը հովանավորելու համար», - ասաց Մշակույթ հ/կ-ի նախագահ Անի Զախարյանը:
Միջոցառմանը մասնակցել են մի շարք ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ, հայտնի արվեստի եւ մշակույթի գործիչներ, նկարիչներ եւ այլ պատվավոր հյուրեր:




























