Լիբերալ-դեմոկրատների եւ բարեփոխողների Եվրոպական կուսակցությունը ողջունում է Հայաստանի առաջընթացը բաց, թափանցիկ եւ ժողովրդավարական հասարակության ստեղծման առումով: Այդ մասին հայտարարել է ԼԴԲԵԿ-ի ղեկավար, Եվրախորհրդարանում ԼԴԲԵԿ խմբակցության նախագահ սըր Գրեմ Ուոթսոնը Երեւանում կայացած մամլո ասուլիսում:
Նա հայտնել է, որ կուսակցության անդամները Հայաստան էին այցելել վերջերս` ընտրությունների շրջանակում: «Լիբերալների համար ԵՄ ստեղծելու նախագիծն ամենուր ազատության տարածման եւ ապահովման նախագիծ է», - նշել է նա, ավելացնելով, որ կուսակցությունը հուսով է մի քանի տարի անց Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը տեսնել երկրների նույն խմբում: «Հենց այդ պատճառով էլ մենք ուրախ էինք լինել այստեղ եւ տեսնել Եվրամիությանը մոտեցող Հայաստանը, սակայն նաեւ այն բանի համար, որ տեսնենք, թե ինչ պետք է անել այդ ուղղությամբ», - հայտարարել է սըր Գրեմ Ուոթսոնը:
Ընդ որում նա նշել է, որ Հայաստանը կարող է զարգանալ ավելի արագ, քան այժմ: «Հայերը կարող են ունենալ լիարժեք ժողովրդավարական հասարակություն», - ասել է եվրոպացի քաղաքական գործիչը:
Հայաստանում անցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ութսոնն առաջընթաց է նկատել, ընդգծելով, որ նրանք նախկինից լավ էին: Սակայն Հայաստանը դեռեւս շատ բան ունի անելու, ավելացրել է նա: «Թանաքի ժամանակից շուտ ցնդելը, որոշ տեղերում ընտրողների 102% ցուցանիշը` այդ ամենն անհանգստացնում է: Հայաստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում, սակայն դա ավելի արագ պետք է կատարվի», - ընդգծել է նա:
Ուոթսոնը հայտնել է, որ ԼԴԲԵԿ-ն առաջին անգամ է իր ամենամյա նստաշրջանն անցկացնում Հայաստանում` «Հայոց համազգային շարժում» կուսակցության հրավերով: «Մենք ուրախությամբ ընդունեցինք ՀՀՇ-ի Հայաստան` Եվրոպայի ամենագեղեցիկ երկրներից մեկն այցելելու հրավերը: Մենք այստեղ ենք, որպեսզի աջակցենք ՀՀՇ-ին իր նախաձեռնություններում», - եզրափակել է Ուոթսոնը:




























