Ժողովուրդը բոլոր կուսակցությունների գունապատկերը բերել է խորհրդարան, եւ լավ  կլինի, որ առաջիկայում կոալիցիա ձեւավորվի: Այդ մասին, այսօր` մայիսի 11-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Նիկոյանը:

«Ոչ մեկը չի կարող ասել, թե որեւէ քաղաքական ուժ, որը մեծ ազդեցություն ունի հասարակությունում, խորհրդարանում չէ: Այսինքն առկա է հնարավորություն ստեղծել գաղափարական կոալիցիա եւ ունենալ հզոր, ուժեղ ընդդիմություն, որը ցանկացած հասարակության շարժիչ ուժն է»,- նշեց նա:

Այն հարցին, թե ո՞ր ուժերի միջեւ կարող է ձեւավորվել նոր կոալիցիան, Նիկոյանը պատասխանեց, որ այս պահին որեւէ մեկը չի կարող անվանական ասել, թե ուժերն ինչպես կդասավորվեն խորհրդարանում:

Նիկոյանը նաեւ հերքեց մամուլում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ աշնանը հնարավոր է անցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ: «Սուտ եւ կեղծ տեղեկատվություն է արտահերթ նախագահական ընտրությունների մասին: Դա իրականում ոչ թե լուրջ տեղեկատվություն է, այլ հնարովի մտքեր են»,-ասաց նա: