«Հայփոստը» նոր ծառայությունների ներդրման համար կօգտագործի Եվրոպայի առաջատար փոստային օպերատորներից մեկի` Իտալիայի փոստի հաջողված փորձը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Հայփոստ թրասթ մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան  Պաբլո Գեչիջյանը: «Այս ծրագիրը կմեծացնի Հայփոստի սոցիալական ներգրավվածությունը Հայաստանի մարզերում, ինչը շատ կարեւոր է»,- նշել է նա:

«Պոստե Իտալիանեի» կողմից ծրագրի ղեկավար Ալբերտո Բուտարոնին նշել է, որ իրենց խումբն արդեն ուսումնասիրություններ է կատարել եւ պատրաստ է սկսելու աշխատանքները Հայաստանում. «Սրանով մենք, դուրս գալով Իտալիայի սահմաններից, մեր հաջողակ փորձն ենք փոխանցում «Հայփոստին»: Խոսելով Պոստե Իտալիանեի հաջողության մասին` ծրագրի ղեկավարն ընդգծել է. «Մեզ համար շատ կարեւոր սկզբունք է. նույն որակի ծառայություն բոլոր հաճախորդներին, չմոռանալ ոչ մեկին: Այդ սկզբունքը կկիրառվի Հայաստանի թե՛ քաղաքներում, թե՛ հեռավոր գյուղերում»: