Թերթը գրում է, որ ՀՀԿ-ում մի շարք մարզպետների պաշտոնանկության մասին լուրերը չեն դադարում: Իշխող կուսակցությունն արդեն այսօրվանից պատրաստվում է նախագահական ընտրություններին եւ այս համատեքստում, ունենալով խորհրդարանական ընտրությունների փորձը, հստակեցնում է հետագա անելիքները:

Այստեղ շարունակում են քննարկել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության հարցը: Թեեւ Սյունիքում գրանցվեց ընտողների մասնակցության ամենաբարձր ցուցանիշը, բայց Սյունիքում հաղթանակը ՀՀԿ վերնախավն ավելի շատ վերագրում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին, ով մեծամասնական ընտրակարգով առաջադրված որդու` Վահե Հակոբյանի հաղթանակի համար ամեն ինչ արեց նաեւ հանուն ՀՀԿ-ի հաղթանակի:

Ի դեպ, ՀՀԿ-ում խոսակցություններ կան, որ մարզպետի աթոռին կարող է նստել Մաքսիմ Հակոբյանի մտերիմներից մեկը: Այս կերպ ՀՀԿ-ն նաեւ իր շնորհակալությունը կհայտնի Հակոբյանին: Միանշանակ է Շիրակի մարզպետի պաշտոնանկությունը, արժանի թեկնածու, սակայն, ՀՀԿ-ում դեռ չեն տեսնում:

Մեզ հայտնի դարձավ, որ, ամենայն հավանականությամբ, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին կփոխարինի նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը: ՀՀԿ-ում կատակում են, թե նախագահական ընտրությունների համար նախագահականում Ալիկի վրա մի լավ աշխատել են: