Թերթի թղթակցի հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ միասնական շտաբի երեկ տարածած հայտարարությանը, Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այն համարեց ծիծաղելի եւ իրականության հետ կապ չունեցող։
«Լղոզված, ոչինչ չասող, դիլետանտական հայտարարություն է: Ընտրությունների ամբողջական կամպանիան հօդս ցնդեցրեց միասնական շտաբը նախաձեռնողների ողջ ռեժիսուրան ու սցենարը:
Փաստն այն է, որ եւ ԱՊՀ, եւ միջազգային դիտորդները, եւ ԱՄՆ պետքարուղարությունը բարձր են գնահատել անցկացված ընտրությունները: Նրանք բոլորը հստակ նշել են, որ ընտրական գործընթացները տեղի են ունեցել արդար, ժողովրդավարական ու մրցակցային պայմաններում: Ավելին. կային դիտորդներ, ովքեր մեր երկրում կայացած ընտրությունները համեմատում էին Կենտրոնական Եվրոպայի երկրներում անցկացվող ընտրությունների հետ»,- նշեց Էդ.Շարմազանովը:
Նա հիշեցրեց, որ ԵԺԿ նախագահ Ռիլֆրիդ Մարտենսը նախօրեին ոչ միայն շնորհավորել է Հանրապետականին, այլեւ իր ուղերձում ընդգծել է, որ Հայաստանում անցկացվել են որակյալ ընտրություններ:
Ինչ վերաբերում է ընտրակաշառքի դեպքերին, ապա դրանք, ըստ մեր զրուցակցի, զանգվածային բնույթ չեն ունեցել: Պետք է խոսել բացառապես փաստերով: Հայտնի է, որ ոստիկանությունը ընտրակաշառք բաժանողներ է ձերբակալել, որոնց մեջ ՀՀԿ-ի համար կաշառք բաժանողներ չկան:
«Միասնական շտաբի հայտարարությունն ավելի շատ նման է «կարապի վերջին երգին»: Ի սկզբանե հայտնի էր, որ միասնական շտաբի իրական նպատակը ոչ թե ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողություն սահմանելն էր, այլ շոուներ կազմակերպելը, նաեւ ընտրական գործընթացների վրա ստվեր գցելը: Ի հեճուկս այդ շտաբի, ընտրական ողջ քարոզարշավի ընթացքում ու բուն քվեարկության օրը եւ լրատվամիջոցները, եւ ոստիկանությունը, եւ դատախազությունը շատ օպերատիվ ու թափանցիկ են աշխատել»,- գտնում է Էդ.Շարմազանովը:




























