Ինդոնեզիայում Sukhoi SuperJet-100 ինքնաթիռի ընկած տեղում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Այժմ այնտեղ ինդոնեզական դեսանտ է գտնվում, որը պարաններով իջել է ուղղաթիռից:
Գիշերվա ընթացքում Ջակարտայի օդանավակայան են տեղ հասցվել 4 բեռնարկղեր` աղետի զոհերի մարմինների մնացորդներով, եւ շտապօգնության մեքենաներով ոստիկանության ուղեկցությամբ ուղարկվել են զինվորական հիվանդանոց, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ինդոնեզիայի ԱԻ նախարարը: Սալակ լեռան լանջից մարմիններն ուղղաթիռ են բարձրացնում ցանցերի միջոցով:
Սպասասրահում գտնվում են զոհվածների հարազատները: Վաղ առավոտյան Ջակարտա է ժամանել Ռուսաստանի ԱԻՆ-ի Իլ-76 ինքնաթիռը` փրկարարներով եւ սարքավորումներով, ինչպես նաեւ որոնողական Բո-105 ուղղաթիռ: Ջակարտա են ժամանել նաեւ հոգեբաններ եւ բժշկական փորձագետներ, ինչպես նաեւ երկու քննիչ: Ինքնաթիռում է նաեւ աղետի հետեւանքները գնահատող մասնագետների խումբ:
Sukhoi SuperJet-100-ն ընկել էր մայիսի 9-ին Ինդոնեզիայում` ցուցադրական թռիչքի ժամանակ: Ինքնաթիռում եղել են հինգ երկրների 45 քաղաքացիներ: Ինքնաթիռը կառավարաել է ռուսական անձնակազմը: Այն բախվել էր Սալակ լեռան լանջին` 1,6 կմ բարձրության վրա:




























