Հունաստանում կարող են տեղի ունենալ խորհրդարանական կրկնակի ընտրություններ, քանի կառավարություն կազմելու երրորդ փորձն էլ հաջողությամբ չպսակվեց:
ՊԱՍՕԿ կուսակցության առաջնորդ Եվանգելոս Վենիզելոսը, որին հանձնվել էր կառավարություն ձեւավորելու մանդատը, հրաժարվել է անհաջող փորձերից հետո եւ հայտարարել, որ այժմ կհանդիպի նախագահին` նոր ընտրություններց խուսափելու նպատակով:
Հունաստանը երկատված է տնտեսման միջոցառումների հարցով, որոնք նրանից պահանջում են ԵՄ-ը եւ ԱՄՀ-ն` տրամադրվող ֆինանսական օգնության փոխարեն: Մայիսի սկզբին կայացած ընտրությունների արդյունքում Հունաստանում ոչ մի կուսակցություն չի կարողացել ստանալ խորհրդարանում տեղերի մեծամասնությունը:
Պարտքային ճգնաժամը կարող է հանգեցնել պետական պարտքի դեֆոլտի, որին կհետեւի եվրագոտուց դուրս գալը:
Սպասվում է, որ նախագահը կփորձի ճնշում գործադրել քաղաքական կուսակցությունների վրա` ազգային փրկության ժողով ստեղծելու նպատակով: Սակայն դժվար դա նրան հաջողվի, հայտնում է BBC-ն:
Այդ դեպքում Հունաստանը կկանգնի նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության առաջ:
Շաբաթվա սկզբում «Նոր ժողովրդավարության» առաջնորդ Անտոնիս Սամարասը եւ ՍԻՐԻԶԱ բլոկի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը նույնպես անհաջող փորձել էին իշխող կոալիցիա ձեւավորել:




























