Վենեսուելական թերթերից մեկի խաչբառ կոզմողին կասկածել են նախագահ Ուգո Չավեսի եղբորն սպանելու կոչի մեջ: Մաթեմատիկոսների, հոգեբանների եւ այլ մասնագետների մի խումբ ուսումնասիրել է մայիսի 9-ի Ultimas Noticias թերթի խաչբառը եւ եկել այն եզրակացությանը, որ նրանում գաղտնագրված է Բարինասի նահանգապետ Ադան Չավեսի  մահափորձի նկարագրությունը:

Ենթադրությունը հրապարակվել է պետական հեռուստաալիքի եթերով, որից հետո թերթի խմբագրություն են գնացել հատուկ ծառայությունների 6 աշխատակիցներ` խաչբառի հեղինակ Նեպտալի Սեգովիայի մասին տեղեկատվություն ստանալու:

Սեգովիան, որը Ultimas Noticias-ի համար խաչբառեր է կազմում արդեն 17 տարի, ինքնակամ ներկայացել է  Վենեսուելայի անվտանգության ծառայության գրասենյակ եւ հայտարարել, որ իր աշխատանքն ունի բացառապես մշակութային եւ ուսուցողական նպատակներ եւ  միանգամայն թափանցիկ է, հայտնում է lenta.ru-ն: 

Ultimas Noticias-ի խաչբառի ստուգումն Վենեսուելայում հասարակական  հնչեղություն է առաջացրել:  Այսպես, խիստ ընդդիմադիր Tal Cual թերթն ուրբաթ օրը տեղադրել էր խաչբառ, որում գաղտնագրել էր իբր «կաշառակերություն» բառը (ինչ են անում պաշտոնյաները, երբ ծախսում են հանրային հիմնադրամները), «սահմանադրություն» (հնարավոր է, ամենից շատ խախտվող օրենքը) եւ «Ֆիդել Կաստրո» (մորուքավոր գերագույն առաջնորդի անուն, որը կառավարում է մեր ճակատագրերը):