Վերջին յոթ տարիների ընթացքում Ադրբեջանում նավթի արդյունահանումը նվազել է 30%-ով՝ օրական 750 հազարից հասնելով կես միլիոն բարելի, իսկ առաջիկա վեց տարիներին, աշխարհում էլեկտրատրանսպորտին մասսայական անցնելու պատճառով, ածխաջրածինների գլոբալ սպառումը կհասնի իր գագաթնակետին և կսկսի նվազել։ Հուլիսի 27-ին «Facebook»-ի իր էջում հրապարակված տեսանյութում այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Բաքվի իշխանությունների առանցքային խոցելիությունը երկրի բացարձակ կախվածությունն է հումքից, որը կազմում է արտահանման 90%-ն ու բյուջեի կեսը։ «Ի՞նչ է անելու այդ ընթացքում Ադրբեջանի կառավարությունը, որը լիովին կախված է նավթից ու գազից, չի ստեղծել նոր արդյունաբերական ձեռնարկություններ և չի ձևավորել ներառական տնտեսություն։ Այն սկսելու է հետ մնալ մեզանից», — ընդգծել է Կարապետյանը։ Կուսակցության խորհրդի անդամը հավելել է, որ էներգակիրների գների անկումն անխուսափելիորեն կհարվածի Բաքվի ռեժիմին՝ ճիշտ աշխատանքի և ուժեղ իշխանության շնորհիվ Հայաստանին հնարավորություն տալով կրճատել տնտեսական ճեղքվածքը։
Նարեկ Կարապետյանը նաև նշել է, որ ադրբեջանական տնտեսության անխուսափելի անկման պայմաններում Հայաստանը պատմական հնարավորություն է ստանում առաջ անցնել՝ ճիշտ կառավարման և ռեսուրսների համախմբման հաշվին։ «Օգտագործելով մեր ողջ ազգային ներուժն ու Սփյուռքի հնարավորությունները՝ մենք կկարողանանք շրջանցել հումքային կախվածության պատճառով հետ մնացող հակառակորդին», — ընդգծել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը՝ խոստանալով իր հաջորդ ուղերձներում մանրամասն ներկայացնել այդ ներուժի իրացմանն ուղղված գործողությունների հստակ ծրագիրը։











