Gulfstream Aerospace ընկերությունն ավարտել է փորձնական թռիչքների շարքը, որոնք միտված էին ուսումնասիրելուն, թե արդյոք մաքուր էկոլոգիական ավիացիոն վառելիքի (Sustainable Aviation Fuel, SAF) օգտագործումը կարող է նվազեցնել ինվերսիոն հետքերի առաջացման հետ կապված պինդ մասնիկների արտանետումները:

Ծրագրի ընթացքում Gulfstream G800 բիզնես-ջեթը թռիչքներ է իրականացրել մինչև 15 հազար 200 մետր բարձրության վրա՝ օգտագործելով բացառապես 100-տոկոսանոց SAF՝ առանց ավանդական ավիացիոն կերոսինի ավելացման: Ընկերության տվյալներով՝ սա առաջին թռիչքն էր ինչպես հենց G800-ի, այնպես էլ նրա Rolls-Royce Pearl 700 շարժիչի համար, որն ամբողջությամբ իրականացվել է նման վառելիքով:

Փորձարկումն անցկացնելու համար G800-ի կողքով թռչում էր հատուկ վերասարքավորված Gulfstream G700-ը, որը վերածվել էր լիարժեք օդային լաբորատորիայի, փոխանցում է Naked Science-ը: Երկու ինքնաթիռն էլ շարժվել են մի շարքով, ինչը հետազոտողներին հնարավորություն է տվել անմիջապես թռիչքի ընթացքում չափելու արտանետվող մասնիկների խտությունը և մթնոլորտի պարամետրերը այնպիսի բարձրությունների վրա, որոնք գերազանցում են ուղևորատար ավիալայներների մեծ մասի ստանդարտ թռիչքուղիները, սակայն բնորոշ են բիզնես ավիացիային:

Փորձարկումներն անցկացվել են ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) կառուցվածքի մեջ մտնող ASCENT հետազոտական կենտրոնի հետ համատեղ: Նախագծին մասնակցել են նաև NASA-ն, Գերմանական օդատիեզերական կենտրոնը (DLR), Միսսուրիի գիտության և տեխնոլոգիաների համալսարանը, Aerodyne Research-ը, Rolls-Royce-ը, Montana Renewables-ը և World Fuel Services-ը:

Գիտնականները համեմատել են վառելիքի երեք տեսակի բնութագրերը.

  • ավանդական ավիացիոն կերոսին Jet A;

  • ցածր ծծմբային Jet A;

  • լիովին էկոլոգիական վառելիք HEFA SAF (Hydroprocessed Esters and Fatty Acids- հիդրոմշակված էսթերներ և ճարպաթթուներ):

Ի տարբերություն սովորական ավիացիոն վառելիքի՝ փորձարկումներում օգտագործված HEFA SAF-ը չի պարունակում ո՛չ ծծումբ, ո՛չ էլ ապարոմատիկ ածխաջրածիններ:

Նախնական արդյունքները ցույց են տվել պինդ մասնիկների քանակի նկատելի նվազում, որոնք առանցքային դեր էին խաղում ինվերսիոն հետքերի առաջացման գործում, երբ G800-ն աշխատում էր բացառապես վառելիքի այս տեսակով: