Հայաստանի հանրապետական կուսակցությունը կոալիցիայի ձեւավորման եւ ՀՀԿ-ի գործադիր մարմնի ու խորհրդի նիստերում կուսակցության ընդգրկվածության հարցը կքննարկի հաջորդ շաբաթ:
Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ՀՀԿ-ի մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ ՀՀԿ-ում կոալիցիա ստեղծելու հարցն առայժմ չի քննարկվել:
Շարմազանովը նաեւ ասաց, որ նիստը կկայանա հաջորդ շաբաթ, սակայն չհստակեցրեց օրը: Նա նաեւ հերքեց լրատվամիջոցներում շրջանառվող լուրն այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն առաջարկվել է կոալիցիա ձեւավորել. «ՀՀԿ-ի գործադիր մարմնի ու խորհրդի նիստերում կքննարկվի հարցը, թե որ կուսակցությունների հետ է հնարավոր կոալիցիա կազմել»:
Ավելի վաղ NEWS.am-ն արդեն հայտնել էր լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի մասին, ըստ որոնց` ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն կոալիցիա կկազմեն: Համաձայն հրապարակման` նոր կոալիցիայի կազմում ընդգրկվելու համար ԲՀԿ-ն եւս երկու նախարարի պորտֆել է պահանջում, ինչին ՀՀԿ-ն առանձնապես դեմ չէ: Գործող կոալիցիայում ԲՀԿ-ն նախարարական չորս եւ մարզպետի երկու պորտֆել ունի:




























