Պետք է ոչ թե մեծամասնական ընտրակարգը փոխել, այլ մարդկանց: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրապետական կուսակցության անդամ Կարինե Աճեմյանն՝ անդրադառնալով մեծամասնականով ընտրված գործարար պատգամավորներին:
«Այո, ես կարծում եմ, որ մեծամասնական ընտրակարգը շատ կարեւոր է մեր երկրի համար, որտեղ հրաժարվել են դրանից, նորից քննարկումներ են ընթանում դա վերադարձնելու շուրջ»,- նշեց նա՝ հավելելով, որ այլ հարց է, որ պետք է ավելի լավը դարձնենք, թերություններից զերծ պահենք այս ընտրակարգը
Ինչ վերաբերում է 5-րդ գումարման ԱԺ-ում գործարարների ներգրավվածությանը, Կարինե Աճեմյանը նշեց, որ գործարարների մեջ շատ պարկեշտ ու աշխատող պատգամավորներ կան, ու պետք է այդ մարդիկ լինեն պրոֆեսիոնալ:
«Այն մարդիկ, ովքեր գործարար են եղել ԱԺ-ում, օրենսդիր գործունեությամբ են զբաղվելու եւ շատ կարեւոր է նրանց դերը տնտեսության հետ կապված օրինագծերում»,- նշեց նա:
Աճեմյանը շեշտեց, որ իրենք հետամուտ են լինելու, որ գործարարներն ԱԺ-ում զբաղվեն օրենսդիր գործունեությամբ եւ չխախտեն օրենքի պահանջները: Այնուհանդերձ, նրա կարծիքով, այս ԱԺ-ում ավելի շատ են քաղաքական գործիչները:
Նշենք, որ մինչ ընտրությունները երկրի նախագահն ու վարչապետը խոստանում էին, որ այս ԱԺ-ում չեն լինի գործարարներ եւ մականունավորներ, սակայն, մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մի շարք գործարարներ՝ Սամվել Ալեքսանյան, Ռուբեն Հայրապետյան, Արտակ Սարգսյան եւ այլք, ընտրվել են պատգամավոր:




























