Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները օգոստոսի 4-6-ը Հռոմում կանցկացնեն բանակցությունների հերթական փուլը։ Այս մասին X-ում երկուշաբթի օրը հայտնել է Axios պորտալի և Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով Պետդեպարտամենտի ներկայացուցչին։

Հրապարակման համաձայն՝ այս երկրների, ինչպես նաև ԱՄՆ ներկայացուցիչները կքննարկեն «Լիբանանի հարավային հատվածում իսրայելցի զինվորականների տեղակայման գործընթացի ընդլայնումը»։ Բացի այդ, խորհրդակցությունները կվերաբերեն Իսրայելի և Լիբանանի միջև «ցամաքային սահմանների շուրջ վեճերին»։

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ Հռոմում կայանալիք տեխնիկական խորհրդակցություններում «ուշադրությունը կենտրոնացված կլինի կողմերի ստորագրած շրջանակային համաձայնագրի լիարժեք իրականացմանն աջակցելու վրա»։ Սա նախատեսում է Լիբանանում «պիլոտային գոտիների» ստեղծման «գործընթացի ընդլայնում», որոնցից պետք է դուրս բերվեն իսրայելական զորքերը, «սահմանների վերաբերյալ բոլոր վեճերի կարգավորում և խաղաղության ու անվտանգության մասին համապարփակ համաձայնագրի մշակում»։

Հունիսի 26-ին Լիբանանն ու Իսրայելը շրջանակային համաձայնագիր են ստորագրել Վաշինգտոնում՝ ԱՄՆ հովանու ներքո անցկացված խորհրդակցությունների հինգ փուլերի արդյունքներով։ Դրա համաձայն՝ լիբանանյան զինված ուժերը պետք է «երկրի ողջ տաչածքում աստիճանաբար վերականգնեն արդյունավետ ինքնիշխան վերահսկողությունը», իսկ Իսրայելը՝ դուրս բերի զորքերն իր զբաղեցրած շրջաններից։ Առաջին «պիլոտային գոտու» ստեղծման պայմանավորվածությունը ձեռք է բերվել հուլիսի 15-ին՝ Հռոմում կայացած լիբանանա-իսրայելական բանակցությունների վեցերորդ փուլի արդյունքներով։ Հուլիսի 20-ին Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Լիբանանում սկսել են գործել երեք «պիլոտային գոտիներ», որոնցից իսրայելական զորքերը պետք է դուրս բերվեն։