«Ժառանգություն» կուսակցության անդամ, կուսակցության համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Զարուհի Փոստանջյանը չի մեկնաբանում իր` պատգամովարական մանդատից հրաժարվելու եւ կուսակցությունից դուրս գալու մասին լուրերը: Այս մասին, այսօր` մայիսի 12-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա: Իսկ թե ինչն է պատճառը, որ չի ցանկանում մեկնաբանել այդ լուրերը, Փոստանջյանն արձագանքեց. «Պատճառներ չկան, շուտով մեր կուսակցության կարծիքը դուք կիմանաք»:

Նշենք, որ երեկ համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ  «Ժառանգության» համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականում հայտնված Զարուհի Փոստանջյանը, պարզել է, որ իր կուսակցությունը համագործակցում է Բաղրամյան 26-ի հետ: Շրջանառվող լուրերի համաձայն` Զարուհի Փոստանջյանին վրդովվեցրել է այդ փաստը եւ նա պատրաստվում է հրաժարվել իր պատգամավորական մանդատից: Ավելացնենք, որ երեկ ամբողջ օրը այդպես էլ Զարուհի Փոստանջյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, նրա հետ հաջողվեց կապվել միայն այսօր:

Նշենք, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Ժառանգությունը» մասնակցել է«Ազատ դեմոկրատների» հետ միասնական ցուցակով: Նրանց համամասնական ցուցակում «Ժառանգության» մի խումբ ակտիվ պատգամավոր «վատ» հորիզոնականներում էին, ինչի արդյունքում ընտրությունների նախնական արդյունքներով նրանք չեն անցնում ԱԺ: Այժմ «Ժառանգության» ցուցակով ԱԺ են անցնում Րաֆֆի Հովհաննիսյանը («Ժառանգություն»), Խաչատուր Քոքոբելյանը («Ազատ դեմոկրատներ»), Զարուհի Փոստանջյանը («»Ժառանգություն») Ալեքսանդր Արզումանյանը («Ազատ դեմոկրատներ») եւ Ռուբեն Հակոբյանը («Ժառանգություն»):