Հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունիի կազմակերպած բարեգործական ընթրիքին Բարաք Օբամայի նախընտրական հիմնադրամի համար 15 մլն դոլար են հավաքել:
Ամերիկյան պետության ղեկավարը, ով եւս ներկա է եղել ընդունելությանը, նշել է, որ այդքան գումար իրենց հաջողվել է հավաքել, քանի որ մարդիկ սիրում են Ջորջին. «Ես նրանց դուր եմ գալիս, իսկ Ջորջին սիրում են: Եւ դա ճիշտ է», - ասել է նա:
Օբաման նաեւ անդրադարձել է նույնասեռ ամուսնությունների խնդրին: «Խոսքը Ամերիկայի էության տրամաբանական զարգացման մասին է… Արդյոք մենք երկրի բոլոր մարդկանց միավորող երկիր ենք: Արդյոք դա մեզ ավելի է ուժեղացնում: Կարծում եմ` այո», - նշել է նա, գրում է utro.ru-ն: Այդ խոսքերից հետո հյոււրերը ողջունել են նրան բուռն ծափահարություններով:
Ընթրիքի վերջում նաեւ քննարկվել են բժշկական բարեփոխումներին, էներգետիկային եւ Իրաքի պատերազմին առնչվող հարցեր:
Ընթրիքի ընթացքում հավաքված գումարը ռեկորդային է: 150 հրավիրյալներից շատերը 40 հազար դոլարից ավելի են վճարել:
Ներկաների շարքում են եղել Բարբարա Սթրեյզանդը, Ռոբերտ Դաունին, Ջեք Բլեքը, Բիլի Քրիսթալը, Սալմա Հայեկը, Էդի Մերֆին եւ դիզայներ Դիան ֆոն Ֆյուրստենբերգը:
Աստղերին եւ գործարարներին զուգահեռ ընթրիքին մասնակցել են նաեւ Օբամայի շարքային կողմնակիցներ. Նյու Ջերսիից ուսուցչուհի Բեթ Թոփինքան եւ Ֆլորիդայի կոմունալ տնտեսության ձեռնարկությունում աշխատող Քարեն Բլատթչերը: Նրանք երկուսն էլ նախագահի նախընտրական քարոզարշավի կայքում ներդրում էին կատարել եւ դարձել վիճակախաղի հաղթող:
Հյուրընկալ տանտեր Ջորջ Քլունին սեղանները բացել էր թափանցիկ վրանում, որը հյուրերի մեծ թվի պատճառով ստիպված են եղել տեղակայել նրա տան բակի բասկետբոլի կորտում:



























