Հաշվի առնելով գազատարի թողունակությունն ու 400 կիլովոլտանոց նոր էլեկտրահաղորդման գծի կառուցումը՝ Հայաստանն ու Իրանն կարող են ընդլայնել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրն ու ավելացնել փոխադարձ մատակարարումների ծավալները։ Հուլիսի 29-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նրա խոսքով՝ Իրանը լրացուցիչ էլեկտրաէներգիայի կարիք ունի, մինչդեռ Հայաստանը շահագրգռված է գազի մատակարարումների ավելացմամբ։ «Կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ, որը մանրամասն կուսումնասիրի գործարքի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև կսահմանի դրա իրականացման հստակ ժամկետները», - ընդգծել է Խուդաթյանը։ Նախարարը հավելել է, որ այս գործընթացն ընթացիկ աշխատանքային օրակարգ է և կապված չէ ռուսական գազի թանկացման մտավախությունների կամ դրան փոխարինող աղբյուր փնտրելու հետ։