Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ իր որոշմամբ ինքնաբացարկի դիմում է գրել եւ հրաժարվել ԱԺ պատգամավորի մանդատից: Արձագանքելով այն պատճառաբանությանը, թե Գագիկ Ծառուկյանը նրանց հրաժարականի դիմում գրել է տվել այն բանի համար, որ նրանք իրենց պատասխանատվության ներքո գտնվող ընտրատեղամասերում 10 հազար ձայնից քիչ են հավաքել կուսակցության համար, Վարդանյանն ասաց. «Դա իմ որոշումն է եղել: Նման խնդիր չկա, որովհետեւ  մեր ընտրատարածքներում նման խնդիր չի եղել: Այդ մեկնաբանությունը ճիշտ չէ»:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են նման քայլի դիմել, Վարդան Վարդանյանը պատասխանեց, որ այդ մասին կասի մի քանի օրից: Նա հավաստիացրեց, որ շարունակելու է մնալ  ԲՀԿ-ում, նշելով. «Իհարկե, մնալու եմ: Ես ԲՀԿ-ի խորհրդի անդամ եմ եւ 1000 թելերով կապված եմ կուսակցության հետ: Կուսակցության առաջնորդի հետ նման խնդիր չունենք, ոչ էլ մտքովս անցնում է նման բան»:

Վարդան Վարդանյանը  չպատասխանեց նաեւ հարցին, թե իրեն առաջիկայում գործադիրում կտենե՞նք, թե` ոչ պատճառաբանելով. «Ես ենթադրություններ չեմ ցանկանում անել: Տեսնենք»:

Ինչ վերաբերում է Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ նախարար Հարություն Քուշկյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, իսկ թե ինչն է եղել պատճառը կամ ինչով է զբաղվելու նա այսուհետ, մամուլի քարտուղարն ասաց, որ այլ մեկնաբանություն անել չի կարող: