Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն բանտում երկրի իրավական համակարգը բարեփոխելու հայեցակարգ է մշակել, որը նախատեսում է նախագահին պաշտոնանկ անելու ընթացակարգ: Այս մասին հայտնել է Տիմոշենկոյի դուստրը` Եվգենյան, հանդես գալով Կիեւում ուկրաինական միացյալ ընդդիմության ֆորումի ժամանակ:

Եվգենյան կարդացել է մոր նամակը, որը նա գրել է բանտում: Այնտեղ Տիմոշենկոն հայտարարում է, որ խորհրդարանը ցրելու, նախագահին պաշտոնանկ անելու, քաղաքապետներին եւ պատգամավորներին հետ կանչելու ընթացակարգերը պետք է հասանելի լինեն երկրի քաղաքացիների համար:

Նախկին վարչապետը նշել է, որ ընդդիմությունն իշխանության գալուց հետո պետք է փոփոխի հարկային օրենսգիրքը եւ կենսաթոշակային բարեփոխումներ իրականացնի: Տիմոշենկոն նաեւ կոչ է արել ընդդիմությանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում պայքարել հաղթանակի համար:

«Մենք ունակ ենք միասնական ճակատով հարվածել մաֆիային, որը նստած է իշխանության կաբինետներում»,-նշել է նա իր նամակում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի-Ուկրաինան»:

Տիմոշենկոյի դստեր ելույթից հետո ֆորումը միաձայն ընդունել է Միացյալ ընդդիմության գործողությունների ծրագիրը, որը համաժողովրդական քննարկման կդրվի: