«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում իր գործունեությունը կսկսի «Պատանի հնագետ» դպրոցը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից:

Առաջին դասընթացին, որի մեկնարկը կտրվի մայիսի 16-ին, ժամը 15:00-ին, մասնակցության հայտ են ներկայացրել Երեւանի դպրոցների եւ բարձրագույն  ուսումնական հաստատությունների 18 սաներ: Դասընթացի հեղինակն է երիտասարդ գիտնական, «Էրեբունի» արգելոց-թանգարանի գիտահետազոտական բաժնի աշխատակից Միքայել Բադալյանը: Առաջին դասընթացի հաջողությամբ պայմանավորված` «Պատանի հնագետ» դպրոցը կարող է առաջիկայում դառնալ թանգարանային մարկետինգի արդյունավետ գործիք:

Նախաձեռնության նպատակն է դպրոցական տարիքից բարձրացնել հնագիտական ժառանգության արժեքի նկատմամբ  հանրային իրազեկման աստիճանը` անցյալը հասկանալու, ինչպես նաեւ այդ ժառանգությանն սպառնացող վտանգները կանխելու համար: Դպրոցը հնարավորություն կտա ոչ միայն ձեւավորել կենդանի եւ խաղարկային պատկերացում անցյալի մասին, այլ կդաստիարակի նաեւ պատասխանատվություն հնագիտական հուշարձանների պահպանության նկատմամբ` փորձնական հնագիտության միջոցով:  Տեսական ու գործնական պարապմունքներով ընթացող դասընթացի  առանցքում դնելով Էրեբունի ամրոցը` արգելոց-թանգարանը հետապնդում է մեկ այլ հեռահար նպատակ եւս` նոր սերնդի համար բարձրացնել Երեւանի բնօրրանի` Էրեբունի ամրոցի ճանաչելիության աստիճանը:

Ինտերակտիվ տեսական դասընթացը կներկայացնի 6 թեմաներ` հնագիտության տարրական հասկացությունների, պեղումների, Ուրարտուի հնագիտության, սեպագրերի եւ դրանց ընթերցման մեթոդների, թաղման ծեսի եւ հետուրարտական հնագիտական ժառանգության վերաբերյալ: Գործնական պարապմունքները կընթանան թանգարանի շենքի հարեւանությամբ կառուցված պեղումների ուսումնական հրապարակում, որը  վերստեղծված է Էրեբունի ամրոցի միջնաբերդի մի հատվածի կրկնությամբ: