Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին վաճառել է ռուսական դեղատնային «Դոկտոր Ստոլետով» ցանցը: Գնորդն է «Իմպերիա-ֆարման», որը կապում են Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի որդի Սերգեյի հետ:
Rbk daily-ի տվյալներով` գործարքի արժեքը 60-70 մլն դոլար է: «Դոկտոր Ստոլետովը» Ռուսաստանի 11 շրջաններում 414 առեւտրային կետեր ունի:
Դեղատնային ցանցը վրացի ընդդիմադիր քաղաքական գործչի կողմից վաճառված ռուսական արդեն երկրորդ ակտիվն է:
NEWS.am-ը հաղորդել էր, որ մայիսի 10-ին Իվանիշվիլին 352 մլն դոլարով վաճառել է «Բանկ Ռոսիյսկի կրեդիտ» ԲԲԸ-ն:
Իվանիշվիլին հայտարարել է, որ մինչեւ մայիսի վերջ մտադիր է վաճառել ռուսական բոլոր ակտիվները: Այժմ Իվանիշվիլիի ռուսական ակտիվները տնօրինող «Ունիկոր» խումբը մի քանի զարգացման կազմակերպություններ ունի, ֆինանսական կառույցներ «Ինտերֆին-կապիտալը» եւ « Ինտերֆին-թրեյդը», ինչպես նաեւ «Ստոյլենսկայա Նիվա» գյուղատնտեսական խումբը:
Իվանիշվիլին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հիմնական մրցակիցն է: Ապրիլին միլիարդատերը սեփական կուսակցություն է հիմնել ` «Վրացական երազանք` Ժողովրդավարական Վրաստան» անունով:




























